ԱրարատԲանկը 5 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանգիր է կնքել Incofin IM-ի կողմից երաշխավորված Microfinance Enhancement Facility ընկերության հետ՝ ՓՄՁ վարկային պորտֆելը ընդլայնելու նպատակով

17.12.2020 17:38
ԱրարատԲանկը 5 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանգիր է կնքել Incofin IM-ի կողմից երաշխավորված Microfinance Enhancement Facility ընկերության հետ՝ ՓՄՁ վարկային պորտֆելը ընդլայնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Շարունակելով արդյունավետ համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ՝ ԱրարատԲանկը 5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել Microfinance Enhancement Facility ընկերությունից (Մայկրոֆայնընս Ինհենսմընթ Ֆըսիլիթի)` Հայաստանում ՓՄՁ ոլորտը խթանելու նպատակով: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Վստահ եմ, որ այս պայմանագիրը կառուցողական համագործակցության սկիզբ կդնի ԱրարատԲանկի և Microfinance Enhancement Facility ընկերության միջև և նաև ուրախ, որ հնարավորություն ունենք ընդլայնելու միջազգային հեղինակավոր հաստատությունների ցանկը: Այս ֆինանսավորումը հնարավորություն կընձեռի բարձրացնել ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը ՓՄՁ-ների համար, թույլ կտա նրանց զարգացնել և իրագործել ձեռնարկատիրական նորարարական գաղափարներ, ինչպես նաև կբարձրացնի մրցունակությունը այս ոլորտում: Պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ Բանկի ՓՄՁ վարկային պորտֆելը կազմում է ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլար, և այս նոր պայմանագրի կնքմամբ այս թիվը կաճի», - նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։   

Incofin IM-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Յան Դիվայնգարթը նշել է. «ԱրարատԲանկը և Incofin IM-ը սերտորեն համագործակցում են դեռ 2012 թ.-ից: Մինչև վերջերս Incofin-ի հիմնադրամներից մեկը հանդիսանում էր Բանկի բաժնետեր: Որպես սոցիալական և բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող ընկերություն՝ մենք փորձում ենք աջակցել մեր հաճախորդներին ոչ միայն լավ, այլև դժվարին ժամանակներում: Ահա թե ինչու ենք մենք ուրախ, որ MEF-ը մասնակցում է այս ֆինանսավորմանը»:

«MEF-ը ուրախ է աջակցել ԱրարատԲանկի դինամիկ աճին, որը հանդիսանում է Հայաստանի միկրո և փոքր բիզնես ոլորտի ֆինանսավորման կարևոր աղբյուր»,- ասել է MEF ներդրումային հանձնաժողովի նախագահ Կարլո դե Վաալը:

Microfinance Enhancement Facility ընկերության մասին

Microfinance Enhancement Facility ընկերությունը (MEF) ստեղծվել է 2009թ.-ին KfW Գերմանական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից՝ Ավստրիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ: Incofin IM-ը հիմնադրամի ներդրումային հարցերով խորհրդատու է: Որակավորված ֆինանսական հաստատությունների միջոցով միկրո ձեռնարկություններին տրամադրելով լրացուցիչ ֆինանսավորում՝ MEF-ն աջակցում է տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը համաշխարհային մասշտաբով: Զարգացմանն ուղղված նպատակ հետապնդելով՝ MEF-ը պահպանում է կայունության և փոխլրացման սկզբունքները՝ համատեղելով զարգացումը և շուկայական կողմնորոշումները:

Incofin IM ընկերության մասին 

Incofin Investment Management-ը համաշխարհային սոցիալական և բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող ընկերություն է, որի ուշադրության կենտրոնում է գյուղատնտեսության և գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորումը: Incofin-ը, առաջնորդվելով ներառական առաջընթացը խթանելու ցանկությամբ, ձգտում է բավարարել ձեռներեցների կարիքները՝ պակաս արտոնություններ ունեցող մարդկանց կյանքը բարելավելու նպատակով: Incofin IM-ը AIFM-ի կողմից լիցենզավորված հիմնադրամի կառավարիչ է և կառավարում է ավելի քան 1 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվներ: Incofin IM-ը ունի ավելի քան 60 արհեստավարժ մասնագետներից բաղկացած թիմ՝ կենտրոնացված Բելգիայի գլխամասային գրասենյակում և Կամբոջայի, Կոլումբիայի, Հնդկաստանի և Քենիայի տեղական ներդրումային գրասենյակներում:    

ԱրարատԲանկի մասին

ԱրարատԲանկ ԲԲԸ-ն, հիմնադրվել է 1991թ.-ին և ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ և ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով և կորպորատիվ կառավարման լավագույն փորձով Բանկն ունի 56 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 16 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ ԱրարատԲանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Ընթացիկ տարում, չնայած գլոբալ մարտահրավերներին, Բանկը կարողացավ ապահովել հիմնական ցուցանիշների կայունությունը: Այսպես, իր գործունեության արդյունքում սեպտեմբերի վերջի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 487.0 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներում վարկային ներդրումները կազմել են 296.1 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 55.2%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (163.3 մլն դոլար), իսկ 46.8%-ը՝ մանրածախ վարկավորմանը (138.4 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում Բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 406.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 31.8%-ը կամ 129.2 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 24.3%-ը կամ 98.9 մլն դոլարը ժամկետային ավանդներին և 21.9%-ը կամ 88.8 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2020թ.-ի ընթացքում Բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 24 մլն դոլարով (32.1%):

Բանկի ընդհանուր կապիտալը նախորդ տարվա 77.7 մլն դոլարի համեմատ աճ՝ է գրանցել կազմելով 80.7 մլն դոլար: 2020թ.-ի 9-ամսյա Զուտ շահույթը կազմել է 4.3 մլն դոլար: Չնայած 2020թ.-ի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին՝ Բանկին հաջողվել է սեպտեմբերի դրությամբ պահպանել կապիտալի համարժեքության 15.28% և ընդհանուր իրացվելիության 24.78% մակարդակ:

Ավելին՝ այստեղ  և այստեղ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև