Երևանում սպանության փորձ է կատարվել Հայէկոնոմբանկի տնօրենի նկատմամբ

09.12.2020 20:13
Երևանում սպանության փորձ է կատարվել Հայէկոնոմբանկի տնօրենի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հարուցվել է քրեական գործ՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:

2020թ. դեկտեմբերի 8-ի ժամը 19:00-ից  մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 08:45-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցի շենքերից մեկի  բակում կայանված «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է ամրացրել, որը 2020 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում, վարորդի կողմից վարելու ընթացքում պայթել է: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ վերոնշյալ ԲԲԸ-ի գործադիր տնօրենը  ավտոմեքենայում չի գտնվել:

ՔԿ հաղորդմամբ, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)1-ին մասով, կազմվել է քննչական խումբ:

«Դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու նպատակով կատարվում են քննչական և դատավարական գործողություններ, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման  աշխատակիցներին, նշանակվել են փորձաքննություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ։Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև