ՀՀ ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ մինչև 7.5%

28.06.2016 17:34
ՀՀ ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ մինչև 7.5%

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 28-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.5%, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

2016 թ. մայիսին արձանագրվել է 0.7% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -2.1%:

Արտաքին հատվածում հիմնականում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչպես նաև վերջին շրջանում միջազգային ապրանքային շուկաներում ձեռք բերված հարաբերական կայունությունը, ընդ որում, որոշ ապրանքների գծով դիտվել են որոշակի գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Միաժամանակ, ԿԲ-ն շարունակում է հետևել և մշտադիտարկել ֆինանսական շուկաների՝ Եվրամիությունում ընթացող գործընթացներից բխող զարգացումները:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ՀՀ-ում շարունակել է դիտվել համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն, ինչն ուղեկցվել է համախառն պահանջարկի որոշակի վերականգնմամբ: Չնայած դեռևս պահպանվող ցածր ներքին պահանջարկին, այդուհանդերձ, վերջին ժամանակահատվածում Կենտրոնական բանկի և Կառավարության կողմից իրականացված խթանող քաղաքականության հետևանքով, այն վերականգնվում է սպասվածից ավելի արագ տեմպերով, ինչի մասին ակնհայտորեն վկայում է թե՛ առևտրի ոլորտի, թե՛ ապրանքների ներմուծման և թե՛ տնտեսության վարկավորման մասով արձանագրված աճը:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր գնաճային միջավայր, իսկ գնաճային սպասումները կլինեն համեմատաբար կայուն, այդուհանդերձ, տարվա երկրորդ կիսամյակում գնանկումը զգալիորեն կդանդաղի: Ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի պարագայում գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9 % և 6 %:

2016 թ.-ի սկզբից ԿԲ-ն իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքն արդեն չորրորդ անգամ: Այդպես, փետրվարին տոկոսադրույքն իջեցվել է 8,75%-ից մինչև 8,5%, մայիսին` մինչև 7,75%: -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև