ՀՀ ԿԲ-ն պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8,5%-ի մակարդակում

07.06.2011 17:21
 ՀՀ ԿԲ-ն պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8,5%-ի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2011թ. մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է 0.04% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճն ավելացել է 0.1 տոկոսային կետով և կազմել 9.0%՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 0,1 տոկոսային կետով:

Նիստի ընթացքում նաև նշվել է, որ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումներն առաջիկա ժամանակահատվածի համար մեղմվել են, քանի որ հիմնական հումքային ապրանքների գներն ամսվա սկզբին նվազել են, իսկ պարենային ապրանքների գները հարաբերականորեն կայուն են:

Խորհուրդը միակարծիք է, որ գնաճային միջավայրի վրա ներքին տնտեսությունից եկող ազդակները շարունակում են չեզոք լինել, իսկ աշխատանքի շուկայի թույլ գնաճային ճնշումները չեզոքացվում են մասնավոր ծախսումների դանդաղ աճով և հարկաբյուջետային քաղաքականության զսպող բնույթով:

Միաժամանակ  ակնկալվում է նախորդ տարվա համեմատությամբ  տեղական արտադրության գյուղմթերքների արտադրության ծավալների աճի պայմաններում դրանց գների նվազում:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ գնաճային միջավայրի ընդլայնման հավանականությունը բավականին ցածր է և ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքների միջոցով հնարավոր է առկա գնաճային միջավայրի զսպումը, ինչի արդյունքում կանխատեսվող ժամանակային հորիզոնում գնաճը կձևավորվի 4%±1.5 տատանումների թույլատրելի միջակայքում:

Վերջին անգամ ԿԲ-ն 0,25 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2011թ.-ի ապրիլի 13-ին ՝ հասցնելով այն 8,5 տոկոսի:

ՀՀ 2011թ.-ի պետբյուջեի համաձայն, հանրապետությունում գնաճը նախատեսված է 4±1,5 տոկոսի սահմաններում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև