ՀՀ ԿԲ-ն 7,25% մակարդակում է պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

14.10.2010 20:54
ՀՀ ԿԲ-ն 7,25% մակարդակում է պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2010 թ. սեպտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.2% գնանկում, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը նվազել է 1.0 տոկոսային կետով` կազմելով 8.6%:

Խորհուրդը փաստեց, որ չնայած պարենային ապրանքների միջազգային շուկաների և գյուղատնտեսության ոլորտի զարգացումները հանգեցրել են բարձր գնաճային միջավայրի ձևավորմանը, այդուհանդերձ, գնահատվում է, որ 12-ամսյա գնաճի` սեպտեմբերին արձանագրած նվազման միտումը կշարունակվի, և կանխատեսվող ժամանակային հորիզոնում այն կգտնվի նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ։

Խորհուրդը միակարծիք է, որ չնայած տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը՝ նկատվում է ներքին պահանջարկի աստիճանական վերականգնում: Վերջինս, սակայն, դեռևս գնաճային ճնշումներ չի առաջացնում, ավելին, գնաճային միջավայրի մեղմմանը շարունակում են նպաստել տարեսկզբից դրամավարկային քաղաքականության խստացումը, ինչպես նաև արտարժութային շուկայի զարգացումները:

Հաշվի առնելով ներկա իրավիճակը, որում գնաճային միջավայրը շարունակում է ձևավորվել առաջարկի գործոնների ազդեցության ներքո, ներառյալ պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում նոր ձևավորվող ռիսկերը, ԿԲ խորհուրդը դեռևս ձեռնպահ է մնում դրամավարկային քաղաքականության խստացումից:

2010թ.-ի ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը հինգ անգամ ավելացել է՝ հասնելով 5,0-ից մինչև 7,25 տոկոսի (հունվարի 21-ին, փետրվարի 16-ին, մարտի 9-ին և ապրիլի 13-ին ամեն անգամ 0,5 կետով ավելանալով, իսկ մայիսի 11-ին՝ 0,25 տոկոսով)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև