ՀՀ ԿԲ–ն 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 6.5%

15.11.2016 16:53
ՀՀ ԿԲ–ն 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 6.5%

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2016 թ. նոյեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%:

2016 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.9%: ԿԲ գնահատումների համաձայն գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ կշարունակի մեղմվել, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում դիտվել են թույլ գնաճային զարգացումներ:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռևս չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, ինչպիսին է արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճի տեմպերի դանդաղումը, իսկ ներքին պահանջարկի վերականգնմանը մեծամասամբ նպաստում են 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները: 2017 թ. առաջին եռամսյակում ակնկալվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում, ինչը առաջարկի գործոն է և միայն  կարճաժամկետ հատվածում կհանգեցնի գնաճի որոշակի նվազման:

Այնուամենայնիվ, ԿԲ խորհուրդը կարծում է, որ միջնաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը պահպանվում են, որոնց ներկայումս ավելացել է 2017 թ. հարկաբյուջետային քաղաքականության գործոնը: Այս պարագայում դեռևս նպատակահարմար է դրամավարկային պայմանների որոշակի թուլացումը:

Այսպիսով, շարունակական խթանող դրամավարկային քաղաքականության արդյունքում գնանկումային միջավայրը առաջիկա ամիսներին հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:Միևնույն ժամանակ, լրացուցիչ ռիսկերի դրսևորման դեպքում ԿԲ-ն համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8 % և 5 %:

Վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է սեպտեմբերի 27–ին 0,5 տոկոսով և սահմանվել 6,75 տոկոս։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև