«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն NASDAQ OMX Արմենիա բորսայում երկու տրանշով պարտատոմսեր կտեղաբաշխի

17.11.2016 16:59
«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն NASDAQ OMX Արմենիա բորսայում երկու տրանշով պարտատոմսեր կտեղաբաշխի

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Գլոբալ Կրեդիտ» ՓԲԸ ունիվերսալ վարկային կազմակերպությունը թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ էմիսիան և առաջիկայում կտեղաբաշխի դրանք NASDAQ OMX Արմենիա բորսայում, հինգշաբթի ասաց վարկային ընկերության գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը:

Նրա խոսքով, երկրորդ էմիսիայի պարտատոմսերը կտեղաբաշխվեն երկու տրանշերով` երկու արժույթներով:

Մասնավորապես, առաջին տրանշով կտեղաբաշխվի 10 000 անվանական արժեկտրոնային պարտատոմս` 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 9 տոկոս տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի 20 000 անվանական արժեկտրոնային պարտատոմս` 200 մլն դրամ ծավալով, 14 տոկոս տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով:

Ընկերության տնօրենը նշել է, որ «Գլոբալ Կրեդիտը» ՀՀ ֆինանսական շուկայում առաջին մասնավոր կապիտալով վարկային կազմակերպությունն էր, որն իր ծառայությունների նկատմամբ անընդհատ աճող պահանջարկը բավարարելու նպատակով բարեհաջող իրականացրել է դրամային և դոլարային պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում:

Ընկերության պարտատոմսերի` 1 մլն դոլար և 100 մլն դրամ ընդհանուր ծավալի առաջին էմիսիան տեղաբաշխվել է 2015 թվականի նոյեմբերին։

Ընկերությունը հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխշահավետ ներդրում և առավել արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական միջոցները:

Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանն իր հերթին նշել է, որ ընկերության պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները օգտագործվելու են բացառապես վարկային քաղաքականության ընդլայնման, այդ թովւմ, նոր վարկատեսակների մշակման և ներդրման, ինչպես նաև գործող վարկատեսակներով առավել ակտիվ վարկավորման ու կազմակերպության գործունեության աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ:

Որպես մարքեթ-մեյքեր հանդես կգա «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությունը:

«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանի խոսքով, պարտատոմսերը տեղաբաշխվելու են նոյեմբերի 24-ին, NASDAQ OMX Արմենիա բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում` ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

«Գլոբալ Կրեդիտ» ՓԲԸ–ն ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը գրանցվել և ԿԲ–ի կողմից արտոնագրություն է ստացել 2010 թ.–ի հոկտեմբերի 26–ին։ ՎԿ–ի բաժնետերերն են` Էդուարդ Մարությանը` 33,3 տոկոս, Արայիկ Կարապետյանը` 28,1 տոկոս, Գագիկ Վարդանյանը` 33,5 տոկոս, Կարեն Դարբինյանը` 5 տոկոս։ ՎԿ–ի ակտիվները 2016 թ.–ի սեպտեմբերի վերջին կազմել են 11,2 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 9,7 մլրդ դրամ, պարտավորությունները` 9,5 մլրդ դրամ (11,6 տոկոսի աճ), իսկ կապիտալը` 1,75 մլրդ դրամ, զուտ շահույթը կազմել է մոտ 194,2 մլն դրամ։ ($1 - 479,03 դրամ) –0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև