Սկսվել է Կոնվերս Բանկի կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը

05.05.2017 15:21
Սկսվել է Կոնվերս Բանկի կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 5-ին սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակվելու են NASDAQ OMX Արմենիա բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Թողարկման ընդհանուր ծավալը կազմելու է 1 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխման ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,75 տոկոս է:

«Այս թողարկմամբ Կոնվերս Բանկը կդիվերսիֆիկացնի իր պարտավորությունների պորտֆելը՝ ներգրավված միջոցները ուղղելով տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը», - հայտնել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Պարտատոմսերը աշխարհում տարածված ներդրումային գործիքներից են, որոնք ավանդների համեմատ մի էական առավելություն ունեն: Դրանք ցանկացած պահի կարելի է վաճառել մասամբ կամ ամբողջությամբ՝ պահպանելով կուտակված տոկոսագումարները», - ասաել է Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

«Պարտատոմսերը երաշխավորված են ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով», - նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

Թողարկված պարտատոմսերի ռեեստրը վարելու է «Կապիտալ ինվեսթմենթս» ՓԲԸ-ն, որն իրականացնելու է նաև շուկա ստեղծողի գործառույթներ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև