2017 թ.–ի 10 հիմնական ֆինանսական իրադարձություններն` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

20.12.2017 12:19
2017 թ.–ի 10 հիմնական ֆինանսական իրադարձություններն` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամփոփելով անցնող տարվա արդյունքները` «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2017 թ.–ին ՀՀ ֆինանսական հատվածում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունների տասնյակը։

1. Դրամային մեղմ քաղաքականության դադարեցում

ՀՀ ԿԲ–ն մարտին դադարեցրեց դրամային քաղաքականության թուլացումը` պահպանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6%–ի սահմանում։ 2015 թ.–ի երկրորդ կեսից ԿԲ–ն սկսեց աստիճանաբար նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Արդյունքում, այն 2015 թ.–ի հունիսին գրանցված 10,5%–ից նվազեց մինչև 6% 2017 թ.–ի փետրվարին։ Այդ ժամանակահատվածում կարգավորիչը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 12 անգամ, ընդ որում` 8 անգամ միայն 2016 թ.–ին։ 2015–2016 թթ.–ին ԿԲ–ն դրամային քաղաքականության թուլացում իրականացրեց տնտեսությունը խթանելու համար, քանի որ հանրապետությունում գրանցվել էր գնանկում, տնտեսական ակտիվության նվազում, բնակչության եկամուտների կրճատում:

2. «ArCa»–ն ու «Միր»–ը հայտարարեցին համատեղ թողարկման մասին

Armenian Card (ArCa) վճարային համակարգը Վճարային քարտերի ազգային համակարգի հետ համատեղ մայիսին հայտարարեցին համատեղ քարտերի թողարկման մասին։ Հուլիսից սկսվեց «ArCa» հայկական քարտերի սպասարկումը ՌԴ–ում և «ՄԻՐ» ռուսական քարտերի սպասարկումը ՀՀ–ում։ ՀՀ ԿԲ–ն հուլիսի 7–ին «Միր» քարտի օպերատոր համարվող Վճարային քարտերի ռուսական ազգային համակարգին ներառեց գործող վճարահաշվարկային համակարգերի ռեեստրում։ Միաժամանակ, նմանատիպ որոշում ընդունեց նաև ռուսական կարգավորիչը։ Օգոստոսին երկրներն ավարտեցին ազգային վճարային համակարգերի ինտեգրման փորձնական նախագիծը։

3. Պետական պարտատոմսերի առցանց գնում

Ապրիլին պետական պարտատոմսերի տեղաբաշխման հարթակը ԿԲ–ից տեղափոխվեց NASDAQ OMX Արմենիա։ Ինչպես նշեցին փորձագետները, տեղափոխությունը բորսա թույլ կտա հայկական պետական պարտատոմսերը դարձնել տեսանելի, հասկանալի ու հասանելի արտաքին շուկաների համար։ Եվս մեկ կարևոր նորամուծություն էր պետական պարտատոմսերի առցանց գնման և վաճառքի համակարգի ներդրումը։ Նոր համակարգի շնորհիվ ֆիզիկական անձինք հնարավորություն են ստանում ձեռք բերել պետական պարտատոմսեր առցանց ռեժիմում հենց պետությունից` չայցելելով որևէ հաստատություն։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ ID քարտ ու անվճար գրանցվել ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական դեպոզիտարիայում։ ID քարտ չունենալու դեպքում հարկավոր է այցելել Գանձապետական դեպոզիտարիայի սպասարկման կետերից մեկը, որտեղ պոտենցիալ ներդրողին կգրանցեն համակարգում և կտան նրան օգտատիրոջ անուն և գաղտնաբառ։

4. Նոր թղթադրամներ

Հուլիսին ՀՀ ԿԲ–ն հայտարարեց երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներին անցում կատարելու մասին։ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թ.–ի նոյեմբերի 22–ին` դրամի 25–ամյակի կապակցությամբ։ Գործող թղթադրամներն աստիճանաբար տեղը կզիջեն նոր սերնդի թղթադրամներին։ Կներդրվի 2 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամ, իսկ 100 հազար դրամ արժեքով թղթադրամներ այլևս չեն թողարկվի ցածր պահանջարկի պատճառով։ Երրորդ սերնդի թղթադրամների վրա կլինեն նոր պատկերներ։ Այսպես, հազար դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա կլինի Պարույր Սևակի դիմանկարը, 2 հազար դրամի վրա` Տիգրան Պետրոսյանի, 5 հազար թղթադրամի վրա` Վիլյամ Սարոյանի դիմանկարը, 10 հազար դրամի վրա` Կոմիտասի, 20 հազար դրամի վրա` Հովհաննես Այվազովսկու, 50 հազար դրամի վրա` Սբ. Գրիգոր Լուսավորչի դիմանկարը։ Նոյեմբերին ՀՀ ԿԲ–ն ներկայացրեց երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները, ինչպես նաև ներկայացրեց 500 դրամ անվանական արժեքով հիբրիդային թղթադրամների առաջին նախատիպը։ Հայկական նոր փողերը կտպի Giesecke & Devrient գերմանական ընկերությունը։

5. Կորպորատիվ պարտատոմսերի բում

 Հայաստանում 10 ամսում գրանցվեց 2003 թ.–ից հետո արձանագրված կորպորատիվ պարտատոմսերով բորսայական գործարքների ռեկորդային ծավալ։ 2017 թ.–ի հունվար–հոկտեմբերին իրականացվել է 9,8 մլրդ դրամի գործարք, ինչը 2,6 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից։ Համեմատության համար 2016 թ.–ին կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը կազմել է 5,9 մլրդ դրամ, իսկ 2015 թ.–ին` 2 մլրդ դրամ։ Վերջին երկու տարում կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվում է բարձր ակտիվություն։ Էմիտենտների մեծ մասը հայկական բանկերն ու մի շարք վարկային կազմակերպություններն են։ Ֆինանսական ընկերություններին այսօր շահավետ է դարձել վարկային ռեսուրսներ ներգրավել բորսաներից, իսկ ներդրողների համար ավելի շահավետ է միջոցներ ներդնել պարտատոմսերում ավանդների տոկոսադրույքների նվազման պատճառով։ Դեպոզիտների բարձր տոկոսադրույքները կապիտալի շուկայի զարգացման հիմնական խոչընդոտներն էին։

6. Համահայկական բանկից անցում ներդրումային հիմնադրամի

Օգոստոսին Համահայկական բանկը (Panarmenian Bank) վերափոխվեց ու դարձավ Համահայկական ներդրումային հիմնադրամ։ ՀՀ ԿԲ–ն նախաձեռնեց վերակազմավորման գործընթաց` Համահայկական բանկի առջև ծառացած խնդիրների արդյունավետության ու ճկունության ապահովման համար։ Հիմնադրամն արդեն գործում է, ունի հատուկ կառավարիչ, որի լիազորությունները, որպես բաժնետեր, իրականացնում է ՀՀ կառավարության լիազոր մարմինը։ Համահայկական բանկը զարգացման բանկ էր, բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր ստացել էր 2011 թ.–ի հունիսին, իսկ կառույցի միակ բաժնետերը Կենտրոնական բանկն էր։

7. FEAS-ի գրասենյակը տեղափոխվեց Երևան

Եվրասիական ֆոնդային բորսաների միության (FEAS) գլխամասը Ստամբուլից տեղափոխվեց Երևան։ Այդ որոշումն ընդունվել է միաձայն մայիսի 16–ին Թեհրանում կայացած FEAS–ի գլխավոր վեհաժողովի ժամանակ։ Հատկանշական է, որ 1995 թ.–ի մայիսին` հիմնադրման օրվանից ի վեր, FEAS–ի գլխամասը միշտ գտնվում էր Ստամբուլում։ Միության նպատակն է աջակցել կապիտալի շուկայի զարգացմանը Եվրասիական տարածաշրջանում (Եվրոպա, Ասիա, Միջերկրածովյան երկրներ)։ Ինչպես նշեց Եվրասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը, գլխամասային գրասենյակը Երևան տեղափոխելուց հետո ձևավորվել է նոր թիմ և աշխատանքային խումբ։ Նա նաև ավելացրեց, որ թարմացվել են նաև աշխատանքի մոտեցումները, և շեշտը կդրվի միության անդամ երկրների կապիտալի շուկաների առաջխաղացման, հեղինականության բարձրացման վրա։

8. Fitch–ի և Moody’s–ի ակտուալ կանխատեսումները

Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը B1 մակարդակում հաստատեց Հայաստանի երկարաժամկետ էմիտենտի վարկանիշն ու անապահով պարտքային պարտավորությունների վարկանիշը` «Կայուն» կանխատեսմամբ։ Գործակալությունը վարկանիշը պահպանեց B1 մակարդակում տնտեսական և ֆինանսական հուսալի կառավարման պայմաններում, որն իրականացվում է ֆիսկալ ու դրամային արդյունավետ քաղաքականության միջոցով, չնայած բարձր պարտքային բեռին։

Միաժամանակ դեկտեմբերի կեսին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավեց Հայաստանի կանխատեսումը` կայունից դարձնելով դրական ու В+ մակարդակում հաստատելով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար։

9. Բանկային կապիտալի աճ

Հայկական բանկերը 2017 թ.–ի հունվարի 1–ից սկսեցին աշխատել նվազագույն կապիտալի նոր նորմատիվով` 30 մլրդ դրամ նախկին 5 մլրդի փոխարեն։ ԿԲ–ի պահանջները կատարելու համար տրված երկու տարվա ընթացքում բանկերի կապիտալն ավելացավ ավելի քան 191 մլրդ դրամով կամ մոտ 398 մլն դոլարով։ Միաժամանակ բանկերի ձուլման արդյունքում դրանց թիվը 21–ից դարձավ 17։ Այսօր բանկերի բոլոր ջանքերն ուղղված են սեփական բիզնեսի տեխնոլոգիական վերափոխմանը, օպտիմալացմանը, ծախսերի նվազմանը և նոր ու որակյալ փոխառուներին ներգրավելուն։ Բանկերը 2017 թ.–ի ընթացքում պարտատոմսեր թողարկելու միջոցով սկսեցին նաև ակտիվորեն ներգրավել դրամական միջոցներ կապիտալի տեղական շուկայից։

10. Փոխառուների և երաշխավորների պաշտպանություն

Սեպտեմբերին ՀՀ ԿԲ–ն ներդրեց փոխառուների երաշխավորների շահերի պաշտպանության պահանջներ, որոնք սկսեցին գործել 2017 թ.–ի հոկտեմբերի 1–ից։  Նորամուծությունն իրականացվում է` ելնելով երաշխավորների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև հասարակության կողմից ստացված ազդանշաններից այն մասին, որ վարկային կազմակերպությունները մինչև երաշխավորի հետ պայմանագիր կնքելը հիմնականում չեն պարզաբանում նրան երաշխավորի հնարավոր ռիսկերը, իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ամրագրված են պայմանագրով։ Միաժամանակ միջոցներ ձեռնարկվեցին այդ թվում փոխառուների շահերի պաշտպանության ուղղությամբ։ Մասնավորապես, ՀՀ ԱԺ–ն դեկտեմբերի 14–ի նիստի ժամանակ ընդունեց Քաղաքացիական օրենսգրքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, որոնք նախատեսում են ֆինանսական կազմակերպությունների կողմից սահմանված տույժերի և տուգանքների սահմանափակում (Հայաստանի բնակիչները դժգոհում էին հնգապատիկ, որոշ դեպքում նաև տասնապատիկ տուգանքներից, որոնք գերազանցում են վարկի հիմնական գումարը ժամկետանց լինելու դեպքում)։ ԱԺ–ի ընդունած փոփոխությունների համաձայն, այսուհետ տուգանքի առավելագույն չափը չի կարող գերազանցել վարկի հիմնական գումարը` անկախ այն ժամկետից, որն անցել է պարտքի պահից։ Բացի այդ, փոփոխություններով նախատեսվում է, որ փոխառուի գրավադրված գույքի իրացումից հետո  նա պետք է իրազեկվի այդ մասին յոթօրյա ժամկետում, հակառակ դեպքում ֆինանսական կառույցները կզրկվեն փոխառուի նկատմամբ տուգանքներ կիրառելու իրավունքից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև