Հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը կարտահանձնվի Հայաստան Հայբիզնեսբանկի սեփականատիրոջ 50 մլն դոլարը յուրացնելու համար. ԶԼՄ

25.05.2018 20:29
Հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը կարտահանձնվի Հայաստան Հայբիզնեսբանկի սեփականատիրոջ 50 մլն դոլարը յուրացնելու համար. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հոլիվուդյան բլոքբաստերների գործադիր պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին որոշել են Ռուսաստանից արտահանձնել Հայաստան:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», ըստ նախաքննության տվյալների, հայրենիքում նա յուրացրել է Հայբիզնեսբանկի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի 50 մլն դոլարը` խոստանալով շահավետ ներդրումներ կինոբիզնեսի ոլորտում:

Ստեփան Մարտիրոսյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է Հայաստանի գլխավոր դատախազության կողմից 2017 թ.-ի սեպտեմբերին:

Աղբյուրի համաձայն, Հայբիզնեսբանկի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011–2013 թթ.–ին 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։

Պրոդյուսերի խոսքով, ներդրումներն իրենց չեն արդարացրել, քանի որ ֆիլմերի վարձույթը ձախողվել է։ Գրիգորյանցն իր հերթին փաստաբանների միջոցով պարզել է, որ գործընկերն իրեն է պահել ներդրումների կեսը` 50 մլն դոլար։

2017 թ.–ի հոկտեմբերին Մարտիրոսյանին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178–րդ հոդվածի հատկանիշներով (խարդախություն), նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և նա հեռակա կարգով կալանավորվել է։

Արդյունքում, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանած պրոդյուսերը ձերբակալվել է, իսկ գլխավոր դատախազի տեղակալ Նիկոլայ Վինիչենկոն, բավարարելով իր հայաստանցի գործընկերոջ հայցը, որոշում է կայացրել Հայաստանին հանձնել Մարտիրոսյանին, այդ որոշմանն աջակցել է Մոսկվայի քաղաքային դատարանը։ Գերագույն դատարանը, ուսումնասիրելով պաշտպանության բողոքը, չեղարկել է արտահանձնումը ու գործն ուղղել նոր քննարկման։

Ըստ «Կոմերսանտի», երեկ դատարանում փաստաբանները խնդրել են չեղարկել գլխավոր դատախազի տեղակալի որոշումը, իսկ պրոդյուսերին` ազատել ու հնարավորություն տալ մեկնել ԱՄՆ։

Միաժամանակ, փաստաբանները նշում էին, որ Մարտիրոսյանի քրեական հետապնդման հարցում բազմաթիվ անճշտություններ կան։ Պաշտպանության վարկածով, յուրացում ընդհանրապես չի եղել, պրոդյուսերը պարզապես որոշակի տոկոս է պահել ծառայությունների համար ներդրած գումարից։ Փաստաբանների կարծիքով, ներդրողը գործընկերոջ նկատմամբ պահանջներ է ներկայացրել, քանի որ գումարներ է կորցրել ոչ միայն ԱՄՆ–ում, այլև այլ նախագծում` Ուկրաինայում։

Մոսկվայի քաղաքային դատարանը, համարելով, որ բոլոր այս վարկածներն էական չեն, վճռել է Մարտիրոսյանին ուղարկել հայրենիք` նշելով, որ դրա համար խոչընդոտներ չկան։ Փաստաբանները կփորձեն գտնել դրանք Գերագույն դատարանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև