Հայկական դրամի 25–ամյակին նվիրված նոր նամականիշ է մարվել Երևանում

22.11.2018 21:33
Հայկական դրամի 25–ամյակին նվիրված նոր նամականիշ է մարվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայկական պետականություն. հայ ազգային արժույթի 25–ամյակ» թեմայով նոր նամականիշ է մարվել հինգշաբթի Երևանում։

Բարձրաստիճան հյուրերի` Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների, Կենտրոնական բանկի նախկին նախագահների և այլոց ներկայությամբ, նամականիշը մարել են Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և «Հայփոստ» ՓԲԸ–ի խորհրդի նախագահ Պաբլո Գեչիջյանը։

Նամականիշի անվանական արժեքը կազմում է 230 դրամ։ Այն տպվել է Cartor ֆրանսիական տպագրատանը` 30 հազար օրինակ տպաքանակով։

Նամականիշի դիզայնի հեղինակը «Հայփոստ»–ի դիզայներ Դավիթ Դովլաթյանն է։

Փոստային նամականիշը մյուսներից տարբերվում է իր տեսքով` ի տարբերություն սովորական նամականիշերի, այն կլոր է և ամբողջովին ոսկե դրամի տեսք ունի։ Նամականիշի կենտրոնում հայկական դրամի խորհրդանիշն է և հայերեն ու անգլերեն լեզուներով «25–ամյակ» գրառում ունի։

Նամականիշի եզրին երկու լեզուներով գրված է «Հայաստանի Հանրապետության ազգային արժույթ»։

Նամականիշը մարվել է հատուկ ծրարի վրա, որը նույնպես նվիրված է հայ ազգային արժույթի հոբելյանին։ Որպես հիմնական նկար նամականիշի վրա պատկերված է շրջանառությունից դուրս եկած 25–դրամանոց թղթադրամը։ Ընդ որում` թղթադրամի վրա «25 դրամ» բառը փոխարինված է «25–ամյակ»–ով։

Հայաստանում նոյեմբերի 22–ին նշվում է Հայկական դրամի և բանկային աշխատողի օրը։ Ամսաթիվը պատահական չի ընտրված, չէ՞ որ հենց 1993 թվականի նոյեմբերի 22–ին Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև