Վարկավորման երաշխավորության ինստիտուտի օրենսդրական փոփոխություններն հարվածում են հաճախորդների վարկավորման հասանելիությանը. ՀԲՄ

18.07.2020 00:52
Վարկավորման երաշխավորության ինստիտուտի օրենսդրական փոփոխություններն հարվածում են հաճախորդների վարկավորման հասանելիությանը. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./ԱՌԿԱ/. Վարկավորման երաշխավորության ինստիտուտի օրենսդրական փոփոխություններն անհամաչափ են ու հարվածում են հաճախորդների վարկավորման հասանելիությանը, նշվում է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հայտարարության մեջ, որն արվել է առաջարկված օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ։

Վերջերս Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից Ազգային ժողովում նեկայացվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ Նախագիծ)՝ երաշխավորության ինստիտուտի կարգավորումների վերաբերյալ, որն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է: Նախագիծն անդրադառնում է պարտատիրոջ ու երաշխավորի միջև հարաբերություններին. մասնավորապես՝ իմպերատիվ արգելվում է երաշխավորների լայն շրջանակի համապարտ պատասխանատվության ինստիտուտը և կիրառվում է սուբսիդիար պատասխանատվություն, երբ ենթարդվում է, որ բանկը կարող է երաշխավորից ակնկալել վճարումներ այն դեպքում, երբ սպառվել են պարտապանից գումարը գանձելու բոլոր հնարավոր միջոցները:

Ինչպես նշվում է Սարգսյանի հայտարարության մեջ, վերջինս գործնականում էապես բարդ կիրառելի կամ կիրառելի չէ, ինչի հետևանքով շատ դեպքերում կորում է երաշխավորության ինստիտուտի իմաստը։

Նրա խոսքով, նախագծով ներկայացվում են նաև երաշխավորի հետ այլ հարաբերություններ, օրինակ՝ երաշխավորության առավելագույն գումարի, երաշխավորության ժամկետի ամրագրման պարտադիր պահաջ և այլն, որոնք կամ ինքնանպատակ են, կամ դրանց կիրարկումը հնարավոր չէ՝ հաշվի առնելով առկա անորոշությունները։

«Վարկավորման գործընթացներում երաշխավորության ինստիտուտն ունի ռազմավարական նշանակություն և առաջին հերթին վերաբերում է առավել ցածր վարկունակ հաճախորդների սպասարկման ճկունությանը և համեմատաբար փոքր վարկերի սպասարկմանը։ Հետևապես, պետք է ամրագրել, որ երաշխավորման գործունեությունը ՀՀ բանկային համակարգում ունի նաև սոցիալական ուղղվածություն` նկատի ունենալով նաև ՀՀ-ում արդեն ավելի քան մեկ տասնամյակ ձևավորված ու կայացած երաշխավորման ինստիտուտի կիրառման պրակտիկան», – նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով, միջազգային փորձը նույնպես վկայում է, որ բանկային վարկերի երաշխավորման գործունեությունն առաջին հերթին վերաբերում է սոցիալապես խոցելի խմբերին, որոնք չունեն համապատասխան եկամուտներ, վարկային պատմություն և ցածր սքորինգ: Այս գործիքը մասնավորապես օգնում է օրինակ` աշխատանք չունեցող կամ առաջին անգամ աշխատաշուկա մտնող երիտասարդների ուսման վարկավորմանը, երբ որոշ ֆիզիկական անձինք կամ գործատուները տալիս են վարկավորման երաշխավորություն: Այս գործիքը կարող է վերաբերել նաև սթարթափերի նախնական փոքր ֆինանսավորումներին, գյուղատնտեսության մեջ ինքնազբաղվածներին և այլն:

«Նախագծով հարված է հասցվում վերը ներկայացված գործունեության կայունությանը: Իրականացվող փոփոխությունների արդյունքում սահմանափակվում է երաշխավորման ինստիտուտի կիրառումը, իսկ կիրառված դեպքերում գրեթե անհնարին է դառնում երաշխավորից բավարարում ստանալու հնարավորությունը, որը բերելու է այդ ինստիտուտի ոչ լիարժեք կիրառմանը», – ընդգծել է Սարգսյանը։

Նա նաև նշել է, որ նախագծի ընդունման հիմնավորումներից է այն պնդումը, թե անձինք ստանձնում են պարտապանների երաշխավորությունը, քանի որ չեն պատկերացնում հնարավոր իրավական հետևանքների մասին:

«Անընդունելի եմ համարում երաշխավորության ինստիտուտի մեջ համապարտ պատասխանատվության սահմանափակումը, քանի որ վերջինս հակասում է  քաղաքացիաիրավական օրենսդրության մի շարք սկզբունքներին, մասնավորապես քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք իրավասու է իր կողմից կնքվող գործարքում որոշելու իր պատասխանատվության սահմանները», – ասել է Սարգսյանը։

Ինչ վերաբերվում է նրան, որ երաշխավորներից ոմանք չեն պատկերացնում հնարավոր իրավական հետևանքների մասին, ապա պետք է նշել, որ չի կարելի հարցը կարգավորել` քաղաքացիներին իրենց այդ իրավունքից զրկելով:

Ինչպես կարծում է ՀԲՄ գործադիր տնօրենը, նշված իրավիճակում կարելի է շարունակել միջոցներ ձեռնարկել՝ ուղղված ազգաբնակչության ֆինանսական/իրավական գրագիտության բարձրացմանը: Վերջին տարիներին շարունակաբար կատարվել են մի շարք բարելավումներ, որոնք ուղղված են եղել բարձրացնելու երաշխավորների իրազեկվածությունը, նպատակուղղված են եղել հրավիրելու նրանց ուշադրությունը կքնվող պայմանագրերին, դրանց պայմաններին և իրենց կողմից ստանձնվող պարտավորություններին:

Նրա խոսքով, թեև նախագիծը ներկայացվել է, որ երաշխավորների շահերի պաշտպանության նպատակ է հետապնդում, սակայն առաջարկվող փոփոխությունը անբարենպաստ հետևանքներ է ունենալու, ոչ միայն վարառուների, այլ նաև հենց երաշխավորների համար:

«Նախագիծը էապես բարդացնում և աղավաղում է երաշխիքի ինստիտուտը. բացի մի շարք անհամաչափ տեխնիկական խնդիրներից, կտրուկ թուլացվում է վարկավորման երաշխիքը, որի արդյունքում վերը նշված խոցելի վարկառու հաճախորդները ֆինանսների հասանելիության խնդիր կունենան», – ասել է Սարգսյանը։

Ինչ վերաբերվում է երաշխավորներին, ապա Նախագծով պարտադրվող գործընթացը` պարտատիրոջ դեմ դիմել դատարան, մինչ երաշխավորի դեմ հայց ներկայացնելը, ապա մինչև դատական գործընթացի ավարտը երաշխավորի փաստացի պարտավորության գումարը կարող է էապես աճել՝ պարտատիրոջ կրած դատական ծախսերի, երաշխավորությամբ ապահովված պարտավորության նկատմամբ կիրառվող տույժերի, այլ կիրառելի վճարների հաշվին, որոնք հետագայում կներառվեն երաշխավորին ներկայացվող պահանջի ընդհանուր գումարի հաշվարկում։

Ինչպես նշել է ՀԲՄ գործադիր տնօրենը, նախագծով մեծ վնաս է հասցվում նաև վարկավորման մի շարք գործիքակազմերին: Մաս­նա­վո­րապես, միջազգային լավագույն փորձով ընդուն­ված է ան­ձի ֆինանսական հնարավո­րու­թյան և հեղինակության գնահատմամբ անգրավ ֆինանսավորումների իրականացումը: Միայն երաշխավորությամբ ֆինանսա­վոր­ման տարբեր գործիքների կիրառման ինստիտուտը ՀՀ-ում զարգացման փուլ էր ապրում, մասնավորապես ֆակտորինգային ֆինանսավորման գործիքա­կազ­մում, իսկ նման օրենսդրական կարգավորման արդյունքում բանկերը ստիպված կլինեն նվազեցնել կամ նույնիսկ հրաժար­վել նմանատիպ, ինչպես նաև մի շարք այլ գործիքակազմերից, ինչը կտրուկ ֆինան­սա­կան ազդեցություն կունենա թե՛ տնտեսվարողների և թե՛ երկրի տնտեսության վրա:

«Վերը նշված պատճառներով, Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել վարկավորման տոկոսադրույքների բարձրացման, պարտավորության ապահովման միջոցների նկատմամբ սահմանվող պահանջների խստացման և այլ անբարենպաստ հետևանքների», – կարծում է Սարգսյանը։

Նրա խոսքով, հաշվի առնելով, որ Նախագիծն էապես թերի է և հաշվի չեն առնվել պրակտիկ խորքային ռիսկերն ու խնդիրները, առաջարկում ենք նախքան հաջորդ ընթերցումները, Ազգային ժողովում գործող հանձնաժողովներում վերադառնալ նախագծի քննարկմանը և նախագիծը համապատասխանեցնել իրական պահանջներին այնպես, որ չլինեն չհամակարգված ու միակողմանի փոփոխություններ, որոնք միարժեքորեն կհարվածեն վարկավորման ներառականությանն ու ճկունությանը: ՀՀ բանկերի համապատասխան մասնագետները պատրաստ են մասնակցել քննարկումներին` հստակ լուծումների առաջարկներով:  «Գտնում եմ, որ օրենսդրական փոփոխությունները պետք է էլ ավելի հեշտացնեն իրավահարաբերությունների նոր­մատիվ կարգավորումը, այլ ոչ թե դրանք բարդացնեն կամ կարգավորումից հանեն», – նշել է Սարգսյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև