ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը և «ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը կհամագործակցեն վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում

24.11.2017 17:38
ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը և «ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը կհամագործակցեն վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանն այսօր ստորագրել են հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Սուբսիդավորվող վարկերի տրամադրման նպատակով հիմնադրամի կողմից տնտեսվարողների համար կազմակերպվում են դասընթացներ և տրամադրվում են  հավաստագրեր», – հայտնում են նախարարությունից:

«Հուշագրով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը կաջակցի Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին ֆինանսական գրագիտության դասընթացների կազմակերպման հարցում, այսինքն` մենք կունենանք ֆինանսական առումով ավելի գրագետ ֆերմերներ, ինչը կարևոր է և' մեզ, և' ֆինանսական կառույցների համար», - նշել է ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը:

Նա նաև նշել է, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողների ուսուցումն իրականացվում է Հիմնադրամի մարզային կառույցներում, դասընթացը տևում է մինչև 5 օր, ծրագրին մասնակցելու համար արդեն դիմել է 6 հազար հայտատու:

«Այս տարի հիմնադրամի հետ համագործակցությամբ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում արդեն իսկ ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացների շրջանակում վերապատրաստել ենք շուրջ 1300 ֆերմերների։ Փորձելու ենք ծրագրին մասնակցող տնտեսվարողներին սովորեցնել ավելի ճիշտ կառավարել իրենց դրամական հոսքերը և ավելի արդյունավետ զբաղվել գյուղատնտեսությամբ», - իր հերթին նշել է Նորիկ Նազարյանը:

«Հիշեցնենք, որ գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է  պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ  իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին» – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև