ՀՀ ԿԲ–ն 1 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով այն 10,5%-ի

10.02.2015 18:18
ՀՀ ԿԲ–ն 1 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով այն 10,5%-ի

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն երեքշաբթի նիստի ժամանակ որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5%, հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է ԿԲ–ի տարածած հաղորդագրության մեջ, 2015թ.–ի հունվարին արձանագրվել է 2.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 4.3%՝ մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցածր բազայի հետևանքով, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին:

Խորհուրդն արձանագրում է, որ 2015թ.–ի ընթացքում արտաքին հատվածում դիտվել է ԱՄՆ տնտեսական աճի տեմպերի արագացում, որին զուգահեռ ձևավորվել են տոկոսադրույքների բարձրացման սպասումներ` նպաստելով ԱՄՆ դոլարի  արժևորմանը և հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների նվազմանը: Այս դրսևորումները հանգեցրել են զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի ավելացմանը, որն էլ պատճառ է դարձել զարգացող երկրների արժութային շուկաներում արձանագրված բարձր տատանողականության, տոկոսադրույքների աճի և տնտեսական աճի տեմպերի դանդաղման:

Խորհուրդը գնահատում է, որ նախորդ տարվա վերջին վերոնշյալ զարգացումներով և տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաներում տեղի ունեցած դրսևորումներն աստիճանաբար չեզոքանում են: Նման պայմաններում Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները, որոնք ներկայումս ձևավորվել են լոմբարդային ռեպո տոկոսադրույքի շրջանակներում, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը նվազեցնելով 2.5 տոկոսային կետով՝ մինչև 14.5%: Բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները կնվազեն՝ մոտենալով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, որը բարձրացվել է մինչև 10.5%՝ արտացոլելով զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի և տոկոսադրույքների աճի միտումները ավելի երկարաժամկետ հատվածում:

ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ նշված գործողությունները կկրճատեն ԿԲ քաղաքականության և շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքների միջև ձևավորված տարբերությունը՝ նպաստելով ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ փետրվարի 20-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2015 թ. առաջին եռամսյակի ծրագրում):

ՀՀ ԿԲ–ն վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2015թ.–ի հունվարի 22–ին կայացած արտահերթ նիստի ժամանակ` 8,5 տոկոսից բարձրացնելով 9,5 տոկոսի։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև