Արարատբանկը Երևանի համայնքներում վաճառքի մինի-կենտրոններ կբացի

23.10.2009 17:10
Արարատբանկը Երևանի համայնքներում վաճառքի մինի-կենտրոններ կբացի

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկ» ԲԲԸ-ն պատրաստվում է մինի-կենտրոններ բացել Հայաստանի բոլոր համայնքներում, իսկ հետագայում՝ նաև Հայաստանի մարզերում:

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից: Տեղեկատվության համաձայն, վաճառքի մինի-կենտրոնների ստեղծման նպատակն է Արարատբանկի բանկային մանրածախ ծառայություններն ավելի մոտեցնել հասարակությանը, հնարավորություն ընձեռել հասարակության ամենատարբեր շերտերին անմիջականորեն օգտվելու Արարատբանկի բանկային արտադրանքներից` առանց բանկի գլխավոր գրասենյակ կամ խոշոր մասնաճյուղեր այցելելու:

Արարատբանկի վաճառքի մինի-կենտրոններում ցանկացած մարդ կարող է օգտվել տեղական և միջազգային պլաստիկ քարտերով մատուցվող ծառայություններից, միջազգային արագ դրամական փոխանցումներից, հաշիվների սպասարկումից, դրամի փոխանակման, կոմունալ վճարումների և տասնյակ այլ ծառայություններից:

Արարատբանկի վաճառքի մինի-կենտրոնները կահավորված կլինեն ժամանակակից բանկային տեխնոլոգիաներին հատուկ սարքավորումներով, կունենան ժամանակակից բանկային դիզայն և շատ հարմարավետ կլինեն հաճախորդների արագ սպասարկման համար:

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում:
Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն 2009թ. հունվարի 30-ից դարձել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա»-ի անդամ:

«ԱՌԿԱ» գործակալությանը նախնական տվյալների համաձայն՝ 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 29 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 21,3 միլարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 7,7 միլիարդ դրամ, կանոնադիր կապիտալը՝ 6,1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 14,1 միլիարդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 16,6 միլիարդ դրամ, իսկ 2009 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին մաքուր եկամուտը կազմել է 454,3 միլիոն դրամ: Այսօրվա դրությամբ բանկն ունի 27 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև