«Նորվիկ» ՈՒՎԿ հասույթը 2009 թվականի առաջին կիսամյակում գերազանցել է $3,5 մլն.

23.10.2009 17:59
«Նորվիկ» ՈՒՎԿ հասույթը 2009 թվականի առաջին կիսամյակում գերազանցել է $3,5 մլն.

«Նորվիկ» վարկային կազմակերպության խորհրդի անդամ Տիգրան Բոստանջյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը «ԱՌԿԱ».

«ԱՌԿԱ».Ինչպիսի՞ն են վարկային կազմակերպության 2009 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշները, և ինչպիսի՞ն է աճի դինամիկան 2008 թվականի համեմատ։

Տ. Բոստանջյան. «Նորվիկ» կազմակերպությունը գործունեությունը սկսել է 2006 թվականին և ներկայումս առաջատար դիրքեր է զբաղեցնում երկրի վարկային կազմակերպությունների շրջանում բոլոր ցուցանիշներով։

«Նորվիկն» առաջին տեղն է զբաղեցնում կանոնադրական կապիտալի, շահույթի, ակտիվների և վարկային պորտֆելի մեծությամբ։

Մենք սպառողական վարկավորում, բիզնես-վարկավորում ենք իրականացնում, աշխատում ենք հիփոթեկի շուկայում, համալիր վարկավորում ենք կատարում, ինչպես նաև տրամադրում ենք միջազգային երաշխիքների հետ կապված ծառայություններ։

«Նորվիկի» բաժնետերը լատվիական-իսլանդական «Նորվիկ Բանկն» է, որը ներկայումս Լատվիայի առավել կայուն բանկերից է՝ 40-50 տոկոս լիկվիդայնությամբ։ 2009 թվականին «Նորվիկ» վարկային կազմակերպության ցուցանիշները, չնայած ճգնաժամին, այնքան էլ շատ չեն ընկել, թեև խնդրահարույց վարկեր են հայտնվել, ինչը պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով։

Վերջին երկու ամիսներին հաճախորդները բարեխղճորեն կատարում են վարկային վճարումները, ինչը չի կարելի ասել տարվա առաջին չորս ամիսների մասին։ Առհասարակ, 2009 թվականի առաջին կիսամյակը մեզ համար ամենախիստն էր։ Ներկայումս «Նորվիկի» բաժնետերերի որոշմամբ մենք ժամանակավորապես դադարեցրել ենք վարկավորումը մինչև 2009 թվականի ավարտը և աշխատում ենք, այսպես կոչված, վատ պարտքերի հետ՝ դրանք վերադարձնելու համար։

Բայց արդեն 2010 թվականի առաջին եռամսյակից «Նորվիկը» կսկսի նոր ապրանքների ներդրումը, կվերսկսի բնակչության և բիզնեսի վարկավորումը։ Մեր գործունեության ուղղվածությունը կփոխվի դեպի կորպորատիվ վարկավորումը, իսկ սպառողական վարկավորումն անմիջականորեն կապված կլինի դրա հետ։ «Նորվիկը» կսկսի աշխատել կորպորատիվ հաճախորդների հետ՝ որպես ներդրումային բանկ։ 2009 թվականի առաջին կիսամյակում «Նորվիկի» հասույթը կազմել է 3,5 մլն դոլար, իսկ վարկային պորտֆելը կազմել է 15 մլրդ դրամ կամ մոտ 40 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ մեր ցուցանիշներն այնքան էլ չեն տարբերվում նախորդ տարվա ցուցանիշներից։ Ինչ վերաբերում է խնդիրահարույց վարկերին, ապա դրանք կազմում են վարկային ընդհանուր պորտֆելի ծավալի շուրջ 6-7 տոկոսը։ Ներկայումս մենք սպասարկում ենք 14 հազար հաճախորդի։

«ԱՌԿԱ». Որքանո՞վ է այս տարվա մարտին Հայաստանի Կենտրոնական բանկի իրականացրած անցումը լողացող փոխարժեքի քաղաքականությանը ազդել վարկավորման ծավալների վրա։

Տ. Բոստանջյան. «Նորվիկն» ի սկզբանե վարկավորման քաղաքականություն է իրականացրել ԱՄՆ դոլարով, քանի որ բաժնետերերն իրենց վրա չեն վերցրել հայկական դրամով վարկավորման ռիսկը։ Այսպիսով՝ դրամով մենք միայն սպառողական վարկավորում ենք իրականացրել՝ սեփական կապիտալի հաշվին։

Ներկայումս մենք պայքարում ենք, որպեսզի Կենտրոնական բանկը նման ռիսկերի հեջավորման միջոցներ ներդնի, քանի որ պոտենցիալ ներդրողի համար հայկական դրամն առայժմ փոխարկվող արտարժույթ չէ։

Մեր բաժնետերերը համաձայն չեն, որ դոլարը կամ եվրոն փոխարկվի դրամի բիզնեսի 5-10 տարվա վարկավորման դեպքում կամ 10 տարի ժամկետով հիփոթեկային վարկերի տրամադրման համար։

Նման ռիսկ այսօր իր վրա չի վերցնի որևէ ներդրող։ Ի տարբերություն բանկերի՝ մենք բնակչությունից դեպոզիտների տեսքով դրամի ներգրավման լծակներ չունենք, իսկ օտարերկրյա ներդրողները ռիսկի չեն գնա։

Մեզ համար ռիսկն առկա է, այդ պատճառով մենք դիմել ենք Կենտրոնական բանկ, որպեսզի նա իր վրա վերցնի նման ռիսկերը կամ էլ հեջավորի այդ ռիսկերը ֆյուչերսների, սվոպների կամ ազատ պայմանագրերի օգնությամբ։

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս է զարգանում հիփոթեկային վարկավորումը ճգնաժամի պայմաններում։

Տ.Բոստանջյան. Հիփոթեկն առավել ակտիվ սկսել է զարգանալ վերջին չորս տարվա ընթացքում. բնակչությունն ակտիվորեն ներգրավված է բնակարանների առքուվաճառքի կամ փոխանակման գործարքներում։

Բայց եղել են դեպքեր, երբ մեր հայրենակիցներն օգտագործել են հիփոթեկը՝ որպես բիզնես-վարկ վերցնելու առիթ։ Ձևակերպել են վարկը հարազատների անունով կամ միջոցներ են վերցրել օտար անվան տակ, դրանով իսկ խաբել են բանկերին ու վարկային կազմակերպություններին՝ օգտագործելով այդ երկարաժամկետ գումարներն իրենց բիզնեսում։

Ներկայումս օտարերկրյա տրանսֆերտները կրճատվել են, և այժմ հիփոթեկի զարգացման համար պետք է խթան տրվի։ Հիփոթեկն այսօր այնքան էլ ակտիվ չէ ճգնաժամի ազդեցության, անշարժ գույքի շուկայի անկման պատճառով։

Բայց կարծում եմ, որ դոնոր միջոցները, որոնք Հայաստանը ստացել է Ռուսաստանից, ՀԲ-ից և այլ կազմակերպություններից, և որոնց մի մասն ուղղվել է հիփոթեկի վարկավորմանը, կնպաստեն հիփոթեկային վարկավորման մեծացմանը։ Ընդհանուր առմամբ մեր շուկային աշխուժացումը սերտորեն կապված է նախորդ տարիներին Հայաստան եկած տրանսֆերտների հետ։

Տարբեր տվյալներով՝ տրանսֆերտների ծավալը տարեկան կազմել է 2-4 մլրդ դոլար։ Բայց այժմ մարդիկ առանց աշխատանքի են մնացել Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում և այլևս չեն կարողանում իրենց հարազատներին միջոցներ ուղարկել նույն ծավալով։ Այդ պատճառով Հայաստանի շուկայի աշխուժացումը 90 տոկոսով ես կապում եմ տրանսֆերտների հոսքի վերականգնման ընթացքի հետ։

«ԱՌԿԱ». Նախատեսու՞մ է, արդյոք, «Նորվիկն» ընդլայնվել վարկավորման շուկայում, եթե այո, ապա ո՞ր ուղղություններով։ Դուք մտադի՞ր եք վերափոխվել առևտրային բանկի։

Տ. Բոստանջյան. Մենք լավատես ենք և ակնկալում ենք, որ 2010 թվականի կեսից կսկսվի վարկավորման շուկայի աշխուժացման գործընթացը։ «Նորվիկն» ընդլայնվելու ծրագրեր ունի։ Մենք կփնտրենք լավ, վստահելի և խելամիտ բիզնես, որին կկարողանանք աջակցել և վարկավորել անհրաժեշտության դեպքում։

Չի բացառվում նաև մեր մասնակցությունն ընկերությունների կապիտալին։ Դա մեր առաջին քայլն է կորպորատիվության ուղղությամբ։ Ինչ վերաբերում է բանկի վերածվելուն, նշեմ, որ ավելի վաղ «Նորվիկը» նախատեսում էր վերածվել առևտրային բանկի, սակայն մեր ծրագրերը փոխվել են բաժնետերերի դիրքորոշման և աշխարհում տիրող իրավիճակի հետ կապված։

Ներկայումս մենք հատաձգել ենք առևտրային բանկի վերածվելու ծրագրերն անորոշ ժամանակով, բայց ծրագրերն ուժի մեջ են մնում։

«ԱՌԿԱ». Որքանո՞վ է հաջող գործում կազմակերպության ներդրած սքորինգային համակարգը։

Տ. Բոստանջյան. Առաջին հերթին նշեմ, որ սքորինգային համակարգը կոչված է լրացուցիչ հնարավորություններ տրամադրել հաճախորդներին։ Սակայն ներկայումս համակարգն առայժմ չի գործում սպառողական վարկավորման ժամանակավոր դադարեցման պատճառով։

Բայց մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է գործարկման համար՝ և քարտային համակարգը, և վճարային տերմինալները։ «Նորվիկն» Հայաստանի միակ կառույցն է, որ միացված է այդ համակարգին և տերմինալներին, որոնց միջոցով մեր հաճախորդները կարող են վճարումներ իրականացնել Ինտերնետի միջոցով։ Սքորինգային համակարգը համալիր է և լավ կազմակերպված է, մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, և մենք սպասում ենք 2010 թվականին՝ ողջ ծավալով այն գործարկելու համար։

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս կգնահատեիք մրցակցությունը Հայաստանի վարկավորման շուկայում: Ի՞նչ հիմնական դժվարությունների են շուկայում բախվում վարկային կազմակերպությունները։

Տ.Բոստանջյան. Որպես վարկային կազմակերպություն՝ մենք մրցակցությունից դուրս ենք, քանի որ «Նորվիկի» վրա չեն տարածվում մեկ վարկառուի վարկավորման, լիկվիդայնության նորմատիվների՝ Հայաստանի ԿԲ նորմատիվները։

Մենք մրցակցությունից դուրս ենք նաև աշխատանքի որակի առումով։ Ներկայումս վարկային կազմակերպությունների միջև մրցակցությունը պետք է լինի դեմպինգի և տոկոսադրույքների առումով։ Ինչ վերաբերում է շուկայում առկա խնդիրներին, ապա վարկային կազմակերպությունները սկզբունքորեն չունեն խնդիրներ։

Մենք խնդիր ունենք վարկառուների հետ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում վճարել։ Դժվարություններ կան նաև դատական կատարողների, դատական համակարգի հետ ընդհանրապես, խնդիրներ կան նաև դատավարությունների երկարաձգման հարցում։ Օրենսդրական բազայից մենք գոհ ենք, նույնիսկ կատարվել է օրենքների որոշ պարզեցում, թեև կան նաև որոշ նկատի չառնված նրբություններ։

«ԱՌԿԱ». Նախատեսու?մ է, արդյոք, «Նորվիկը» դառնալ վերջերս ստեղծված Վարկային կազմակերպությունների ասոցիացիայի անդամ։

Տ. Բոստանջյան. Առայժմ մենք Ասոցիացիայի անդամ չենք։ Բայց 2010 թվականի հունվարի մեկից մենք կսկսենք լուծել այդ հարցը, քանի որ կարծում ենք, որ Ասոցիացիայի հետ համագործակցությամբ հնարավոր է ավելի հեշտ հասնել մեր խնդիրների լուծմանը, օրինակ, արտարժութային ռիսկերի հեջավորման հարցում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև