Հայաստանը պետք է տարածաշրջանային տնտեսական նախագծերի մասնակցության երաշխիքներ ունենա

23.10.2009 12:30
Հայաստանը պետք է տարածաշրջանային տնտեսական նախագծերի մասնակցության երաշխիքներ ունենա

ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի փոխտնօրեն Սվետլանա Գլինկինայի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցը

«ԱՌԿԱ». Տիկին Գլինկինա, կա՞ն, արդյոք, կառուցվածքով և առանձնահատկություններով հայկական տնտեսությանը նման երկրների՝ճգնաժամից առավել օպտիմալ կերպով դուրս գալու ընդհանուր դեղատոմսեր։

Ս.Գլինկինա. Սկզբունքորեն, ճգնաժամից դուրս գալու այն մոդելը, որն առաջարկվել Հայաստանում, այսինքն հենարանը փոքր բիզնեսին՝ բավական լավն է։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչպես փոքր բիզնես պետք է ծավալվի 18 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, դա շատ ճիշտ է, քանի որ դա աշխատատեղեր է, սոցիալական խնդիրների լուծում, արհեստների վերածնման և ազգային արտադրության հեռանկարներ։ 90-ականների սկզբի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները, մասնավորապես, լեհերը շատ լուրջ ճեղքում ցույց տվեցին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով փոքր բիզնեսի համար։ Երեք տարիների ընթացքում երկիրն առաջիններից մեկն անցավ տնտեսական աճի ակտիվ տեմպերին հենց սրա հաշվին։ Այսպիսով, ուղղությունը ճիշտ է, բայց 18 տոկոսը՝ խեղդոց է, այստեղ պետք է լուրջ աշխատել։

Սպառողական պահանջարկի առումով կարող է օգնել համագործակցությունն ԱՊՀ շրջանակներում։Ֆինանսների նախարարների մակարդակով պայմանավորվածություններն, այլ ասպեկտներից բացի, ներառում են նաև սոցիալական տեսակետից առավել ծանր վիճակում գտնվող երկրների աջակցության ասպեկտը։ Այդ պատճառով կարելի է փորձել ԱՊՀ-ում ինչ-որ միջոցներ գտնել ողջ բնակչության աջակցության համար՝ սպառողական պահանջարկը մեծացնելու նպատակով։ Ներքին պահանջարկն, ինչպես հայտնի է, կարելի է մեծացնել երկու ճանապարհով՝ կամ պահպանելով բնակչության բարեկեցությունը, կամ մեծացնելով ներդրումային պահանջարկը։

Ես հասկանում եմ, որ Ռուսաստանում աճում է գործազրկությունը, բայց կառուցվածքով և տարածքային առումով այն միատարր չէ, և ճիշտ կլիներ, եթե Ռուսաստանն ու Հայաստանը մտածեին հայկական աշխատանքային ուժի օգտագործման հնարավորության մասին և այսուհետ այն տարածքներում, որտեղ առկա է դրանց պակասը։ Մի կողմից, մենք շատ մարդկանց ենք հրավիրում, մյուս կողմից՝ քիչ բան է արված դրանց՝ արժանի գոյատևման համար։ Ես անձամբ բախվել եմ հայ շինարարի բրիգադի հետ, որը սկզբից նեղություն էր կրում, բայց հետո բարձրացավ և կարողացավ կազմակերպվել, իսկ այժմ նաև այլ ուժ է օգտագործում։

Սակայն այժմ ճգնաժամի պայմաններում մենք պետք է մտածենք մեր ավելի լայն խնդիրների մասին։ Եթե Ռուսաստանը պատրաստվում է ձևավորել ուժի և ձգողության եվրասիական կենտրոն, այն չպետք է եսասիրաբար տրամադրված լինի և հաշվի առնի միայն իր գործազուրկներին՝ վանելով նրան, ով կարող է արդյունավետ աշխատել։ Այնպես որ, այստեղ զրուցելու դաշտ կա։

«ԱՌԿԱ». Հայկական իշխանությունները ներկայում շեշտադրում են կատարում արտահանմանն ուղղված ճյուղերի պաշտպանությանն ու զարգացմանը։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում նման զարգացման արդյունավետությունը։

Ս.Գլինկինա. Սա շատ վտանգավոր է։ Նմանատիպ արտահանմանն ուղղված երկրներն, ինչպիսիք են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունները, որոնք օտարերկրյա կապիտալի ներգրավման հաշվին ստեղծել են արտաքին շուկային ուղղված ճյուղեր, հայտնվեցին շատ ծանր վիճակում։ Չինաստանն այժմ շեշտադրում է կատարում ներքին սպառմանը, քանի որ հասկանում է, որ աշխարհում իրավիճակը շատ անկայուն է, և ճգնաժամը դեռ շարունակվում է, և ճգնաժամի երկրորդ ալիքի մասին լուրերն անհիմն չեն։

Եվ ԱՄՆ-ի, և Եվրամիության ֆինանսական համակարգերը բավական խոցելի են։ Ճգնաժամի պատճառներից մեկը ֆինանսական համակարգի մեծ բաժանումն է տնտեսության իրական հատվածից։ Եթե այն չվերականգնի կապն իրական հատվածի հետ, ապա կշարունակի խոցելի մնալ և կմնա որպես ճգնաժամերի պոտենցիալ աղբյուր։ Այդ պատճառով, երբ ֆինանսական համակագն իսկապես վերականգնի հարաբերությունները տնտեսության իրական հատվածի հետ և սկսի ֆինանսավորել նրան, ընդ որում ոչ 18 տոկոսով, այլ այնպես, որ մարդիկ կարողանան ոտքի կանգնել, կազմակերպել արտադրություն, գտնել իրացման շուկաներ և շահույթ ստանալ, և, հետևաբար, վերադարձնել տոկոսներն, ահա այդ ժամանակ կարելի է խոսել այն մասին, որ մենք դուրս ենք եկել ճգնաժամից։

Այսօր ռուսաստանյան բանկային համակարգին գումար են տվել, և այն չի փլուզվել, ինչը կառավարության մեծ վաստակն է։ Սակայն հարկ է նայել, աշխատո՞ւմ է, արդյոք, բանկային համակարգը որպես բանկային հաստատություն և, արդյո՞ք, տալիս է գումար իրական նախագծերի իրականացմանը։ Եթե դա չկա, ապա դա միայն մի խումբ ընկերների փրկություն է, ովքեր աշխատում են այդ ոլորտում, և ոչ թե արյունատար համակարգի փրկություն, որը պետք է նորմալ աշխատի տնտեսական մեխանիզմի շրջանակներոմ։

«ԱՌԿԱ». Նկատի առնելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի աշխուժացումը, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինեն հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական արդյունքներն ինչպես Հայաստանի և Թուրքիայի, այնպես էլ ,ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար։

Ս.Գլինկինա. Միանշանակ ակնհայտ է, որ մեկուսացման չեզոքացման և եվրոպական շուկաներ մուտք գործելու տեսակետից, Հայաստանի համար, անշուշտ, ձեռնտու է այն տրանսպորտային ուղիների գործարկումը, որոնք այժմ նրա համար փակ են։ Հայկական տնտեսության և արդյունաբերության մրցակցության հզորացման տեսանկյունից դա, իհարկե, մեծ ցնցում է։ Եթե կաթված տարած մարդու կողքին մարզասրահ կառուցենք, մի կողմից, դա լավ հնարավորություն է։ Սակայն պետք է մտածել այն մասին, թույլատրելի՞ է, արդյոք, դա մարդուն ըստ բժշկական ցուցանիշների։

Այդ բացումը պետք էր կապակցել այն մոդելի հետ, թե ինչ է տեղի ունենալու Հարավային Կովկասում։ Եթե այդ ամենը տեղավորվում է ընդհանուր ռազմավարության և ենթակառուցվածքի ստեղծման սահմաններում, ապա այդ ցնցումն էապես կհարթեցվի, կարելի է որոշ բանակցություններ և համատեղ նախագծեր կապակցել միմյանց Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան սխեմայով։ Սկզբունքորեն, հայեցակարգը շատ գեղեցիկ է՝ եկեք ազատենք Հայաստանը ներկայիս շրջափակողներից, և այն կդառնա տարածաշրջանային նախագծերի մասնակից։ Սակայն սկզբից դա պետք է երաշխավորել, և դրանից հետո, հավանաբար, գնալ այդ քայլին։ Իսկ եթե ոչ, ապա «Թուրքիայի հետ դեմ առ դեմ» տարբերակում, իհարկե, շատ խնդիրներ կան։

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞:

Ս.Գլինկինա. Արտադրանքի մրցակցություն։ Թուրքիայի ինդուստրիալիզացումը 90-ականների ողջ ընթացքում շատ ակտիվ էր ընթանում, տնտեսական աճի տեմպերը նույնպես ակտիվ էին։ Դա առևտրի, ընդ որում իր ազգային արտադրանքի սովոր տարաշրջանային տերություն է, էժան աշխատուժի դեպքում, և միաժամանակ, Եվրամիության մեծ օժանդակության դեպքում։ Թուրքերը ցանկանում են Եվրամիության անդամ դառնալ։ Եվ մեծ հաշվով, այն, ինչ կարելի էր ստանալ ԵՄ-ից, նրանք արդեն ստացել և օգտագործում են՝ նրանց մոտ գործում է եվրոպական ենթակառուցվածքը։

Այնպես որ, այս հարաբերությունների մասնակիցներն անհավասար պայմաններում են։ Եթե ես լինեի հայկական կողմում, ապա կփորձեի պայմանավորվածություններ ձեռք բերել տարածաշրջանային նախագծերում մասնակցության երաշխիքների վերաբերյալ և կխնդրեի հենց Ռուսաստանի աջակցությունը՝ որպես փափուկ ուժի, որը կարող էր որոշ ժամանակով մեղմել այդ շոկերը։ Այդ թվում կարելի է օգտագործել ԵվրԱզԷս-ի Կայունացման հիմնադրամը։ Արդեն այսօր կարելի է այնտեղ հայտեր ներկայացնել և, հետևաբար, վատ չէր լինի բոլոր մասնակիցների հետ խոսել այն մասին, թե ինչ շոկեր կարող են լինել, ինչպես կարելի է չեզոքացնել դրանք այդ հիմնադրամի միջոցով։

Դա յուրօրինակ բազմավեկտորային արդյունք կլիներ։ Առաջին հերթին, Հայաստանը կհասկանար, որ ինքը ոչ միայն ՀԱՊԿ անդամ է, այլ նաև այս տնտեսական տարածքի իրական խաղացողը։ Եվ եթե հնարավոր լիներ դա գովազդել, ապա Ռուսաստանի համար էլ, իմ կարծիքով, դա շատ ձեռնտու կլիներ։ Մյուս կողմից, դա իսկապես հնարավոր տնտեսական և սոցիալական հնարավոր խնդիրների լուծում է։

Հավանաբար, Հայաստանի մեկուսացումը կնվազի։ Ես չգիտեմ, կգնա ձեր վերնախավը Թուրքիայի հետ սահմանի բացման, թե ոչ։ Բայց եթե ենթադրենք, որ դա տեղի կունենա, ապա ավելի լավ կլինի, եթե Հայաստանի տարածքում ժամանակակից ենթակառուցվածք նախապատրաստվի, որը թույլ կտար Հայաստանին, օգտվելով առկա աշխարհագրական առավելությունից, դառնալ տարանցիկ միջանցք։

«ԱՌԿԱ». Հատկապես ո՞ր ենթակառուցվածքի մասին է խոսքը։

Ս.Գլինկինա. Դա կարող է լինել ինչպես երկաթուղային ճանապարհների, այնպես էլ ավտոճանապարհների կառուցումը։ Ինչու ՏՐԱՍԵԿԱ նախագծին, որում ընդգրկված է Հայաստանը, չմասնակցի նաև Ռուսաստանը։ Քանի որ, որքան շատ այստեղ լինեն պատրաստի ենթակառուցվածքները, այնքան շատ կլինի միջազգային հանրության ճնշումը երրորդ մասնակիցների վրա՝ Հայաստանը մեկուսացումից դուրս բերելու օգտին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև