Հայաստանը կարող է մինչև տարեվերջ ստանալ մոտ 72,5մլն դոլար ԱՄՀ–ի հետ Stand-By համաձայնագրի շրջանակում

18.11.2021 15:46
Հայաստանը կարող է մինչև տարեվերջ ստանալ մոտ 72,5մլն դոլար ԱՄՀ–ի հետ Stand-By համաձայնագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Նեյթըն Փորթերի ղեկավարությամբ, 2021 թ․ հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 12-ի ընթացքում 2021 թ․ IV հոդվածի շուրջ խորհրդակցության, ինչպես նաև ԱՄՀ «Պահուստային ծրագրի» (SBA) օժանդակությամբ իրականացվող Հայաստանի տնտեսական ծրագրի համակցված չորրորդ և հինգերորդ ամփոփիչ ստուգումների մասով քննարկումներ է անցկացրել։ Քննարկումների ավարտին պրն․Փորթերը հետևյալ հայտարարությունն է տարածել

«Ուրախ ենք հայտարարել, որ ԱՄՀ թիմը եզրափակել է 2021 թ․հոդված IV-ի շուրջ խորհրդակցության մասով քննարկումները և աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի իշխանությունների հետ` եռամյա «Պահուստային ծրագրի» օժանդակությամբ իրականացվող նրանց տնտեսական բարեփոխումների շրջանակում չորրորդ և հինգերորդ ամփոփիչ ստուգումն
ավարտելու համար։ Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ Գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից սույն ամփոփիչ ստուգման քննարկումը նախատեսվում է դեկտեմբերի կեսին։ Խորհրդի նիստից հետո հասանելի կդառնա շուրջ 72.5 միլիոն դոլար (51.429 միլիոն հատուկ փոխառության իրավունք (ՀՓԻ))։

 «2021 թ․ առաջին կիսամյակում արձանագրվել է 5 տոկոս տնտեսական աճ՝ պայմանավորված արտաքին և ներքին բարձր պահաջարկով։ ՍԳԻ տարեկան գնաճի տեմպը արագացել է՝ հոկտեմբերին կազմելով 9․1 տոկոս, պայմանավորված սպառման կտրուկ վերականգնմամբ, առաջարկի սահմանափակումներով, սննդամթերքի համաշխարհային և ներքին գնաճով և 2021 թ․ սկզբի դրամի արժեզրկման ազդեցության փոխանցմամբ։ 2021 թ․ առաջին կիսամյակում բյուջեի դեֆիցիտը կրճատվեց՝ հավաքված բարձր եկամուտների և հրատապ ծախսերի աստիճանական նվազման շնորհիվ, որոնք օգնել էին մեղմել 2020 թվականին Հայաստանին հարված հասցրած զույգ ցնցումների ազդեցությունը։ Բանկային համակարգի կապիտալի և իրացվելության բուֆերների բարձր մակարդակը պահպանվել է և ամրապնդվել է նաև արտաքին դիրքը՝ ընդ որում արժույթն անցած մի քանի ամիսներին արժևորվել է։

«Վերականգնումն ակնկալվում է, որ 2021 և 2022 թթ․ կշարունակվի՝ ՀՆԱ-ի համապատասխանաբար 5½ և 5¼ տոկոս աճով։ Թեև հիմնավոր բարեփոխումների պայմաններում հաջորդ տարի աճի տեմպի արագացումը կարող է ավելի մեծ լինել, աճի նվազման ռիսկերը ևս ավելացել են, այդ թվում՝ ՔՈՎԻԴ-19-ով վարակվածության շարունակվող չորրորդ ալիքի, աշխարհաքաղաքական լարվածության, արտաքին պահանջարկի տեմպի դանդաղման և համաշխարհային ֆինանսական շուկայում հնարավոր ավելի բարձր տատանողականության հետևանքով։ Գնաճն ակնկալվում է, որ մինչ 2022 թ․ կեսը կսկսի զսպվել՝ առաջարկից բխող և արտաքին ցնցումների ազդեցության չեզոքանալուն և դրամավարկային քաղաքականության վերջին գործողությունների լիարժեք ազդեցությանը զուգահեռ։ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է նպատակադրածից բարձր գնաճի և համաշխարհային անորոշ միջավայրի հետևանքով առաջացող մարտահրավերների նախաձեռնողական կառավարումը, և պետք է շարունակի պատրաստ լինել ըստ անհրաժեշտության իր դրամավարկային դիրքի ճշգրտմանը՝ միաժամանակ փոխարժեքին տալով ցնցումները կլանող լինելու հնարավորություն։ 2022 թ․ բյուջեի նախագծով կարճաժամկետ օժանդակությունը հավասարակշռվում է ավելի բարձր կապիտալ ծախսերի միջնաժամկետ կարիքների հետ, և այն համահունչ է Հայաստանի հարկաբյուջետային կանոններին և ժամանակի ընթացքում հարկաբյուջետային բուֆերները վերաստեղծելու անհրաժեշտությանը։ Արտահանման և դրամական փոխանցումների բարձր մակարդակն ակնկալվում է, որ 2021 թ․ կնվազեցնի ընթացիկ հաշվի պակասուրդը։

«Կարճաժամկետ հատվածից հետո էլ կարևոր է կայուն քաղաքականության և բարեփոխումների ջանքերի պահպանումը՝ ստեղծելով հարկաբյուջետային բուֆերներ և էլ ավելի ուժեղացնելով միջնաժամկետ կայունությունը, նվազեցնելով գնաճը՝ դեպի Կենտրոնական Բանկի 4 տոկոս թիրախը, երաշխավորելով հարկաբյուջետային կայունությունը և ապահովելով կայուն, կանաչ և ներառական աճ։ Այս առումով, մենք Կառավարության հնգամյա ծրագրի հետ շատ ընդհանուր նպատակներ ունենք, որոնք շեշտադրում են գիտելիքահենք, արտահանմանն ուղղված, ներդրումներով պայմանավորված աճի ռազմավարությանը հետամուտ լինելը՝ նպատակադրելով աղքատության կրճատումը և կենսամակարդակի բարձրացումը։ Այս նպատակներին հասնելու համար կարևոր է կոնկրետ միջոցառումների ծրագրեր մշակել՝ հարակից արդյունավետության հիմնական ցուցանիշներով և ծախսային գնահատականներով, լիարժեք գործողության մեջ դնել հանրային ներդրումների կառավարման մասին վերջերս ընդունված որոշումը, ամբողջացնել ՊՄԳ գործառնական համակարգը, ամրապնդել հարկաբյուջետային ռիսկերի կառավարումը, հրապարակայնությունը և կառավարումը, բարելավել բիզնես միջավայրը՝ միաժամանակ եկամուտների ավելացման` տնտեսական աճին նպաստող հարկային քաղաքականության, ծախսերի առաջնահերթության սահմանման և ավելի բարձրորակ հանրային ներդրումների միջոցով հնարավորություններ ստեղծելով։

«ԱՄՀ թիմը շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանություններին, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, զարգացման գործընկերների և դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներին՝ արգասաբեր քննարկումների և համագործակցության համար»։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև