ԿԲ-ի արտարժույթի դիրքի նորմատիվը կնպաստի շուկայի կայունացմանը

23.10.2009 10:31
ԿԲ-ի արտարժույթի դիրքի նորմատիվը կնպաստի շուկայի կայունացմանը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը դրական են գնահատում Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի դիրքի հատուկ տնտեսական նորմատիվի ներդրումն ու կարծում են, որ այն ժամանակին է ներդրվել: ԿԲ Խորհրդի որոշումը՝ այս նորմատիվի ներդրման մասին, բանկերի համար անսպասելի չէր. հարցը մի քանի անգամ քննարկվել էր Հայաստանի բանկերի միության կողմից, և բանկիրները դրան դրական էին վերաբերվել:

Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը հոկտեմբերի 20-ին որոշում է ընդունել Հայաստան Հանրապետության տարածքում գործող բանկերի համար սահմանել արտարժութային դիրքի հատուկ տնտեսական նորմատիվ վեց ամիս տևողությամբ: Նորմատիվը բացկացած է երկու տարրից՝ յուրաքանչյուր արտարժույթի երկար դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցություն, ինչպես նաև բոլոր արտարժույթների երկար դիրքերի հանրագումարի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցություն:

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, նորմատիվի առավելագույն չափը սահմանվում է համապատասխանաբար 7 և 10 տոկոսի մակարդակում: Նորմատիվը հաշվարկվելու է օրական կտրվածքով: Նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2009 թ.-ի հոկտեմբերի 26-ից, իսկ Կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշումը կգործի մինչև 2010 թ.-ի ապրիլի 26-ը: Մեծամասամբ հայ բանկիրներն ընդունում են, որ այս որոշմամբ ԿԲ-ն սահմանափակում է շուկայում խոշոր գործարքների իրագործման իրենց գործողությունները, սակայն նման վերահսկողությունից նրանք առանձնապես չեն վախենում:

Այսպես, Կասկադբանկի գլխավոր դիլեր Արսեն Սարգսյանի կարծիքով, ընդունված որոշումը ժամանակի պահանջն է և շուկայի կայունացման նպատակ է հետապնդում: Նույն կարծիքն ունեն նաև Անելիք բանկում:

Հայբիզնեսբանկի դիլեր Վահագն Մելքոնյանի կարծիքով, սահմանված նորմատիվը կարող է դրական ազդել արժույթի շուկայի վրա: Նա կարծում է, որ այս ձևով ԿԲ-ն սահմանափակում է բանկերի գործողությունները, որպեսզի նրանք շուկայում խոշոր գործարքներ չիրականացնեն, այլ միայն զբաղվեն արժույթի գնմամբ: «Այժմ բանկերը չեն կարող շատ արտարժույթ ձեռք բերել և ստիպված կլինեն այն վաճառել», - ասել է նա՝ ավելացնելով, որ նորմատիվը կարգավորիչ ազդեցություն կունենա բանկերի գործունեության վրա:

Միաժամանակ բացառված չէ, որ Կենտրոնական բանկը որոշում է ընդունել սահմանափակել բանկերի արտարժութային դիրքը՝ ելնելով այն բանից, որ դրանցից շատերը ԿԲ-ի ընդլայնվող քաղաքականությունից ստացված էժան փողերն ուղղում էին ոչ թե տնտեսություն, այլ արտարժույթ գնելու վրա: Այդ պատճառով նման «սպեկուլյացիաները» կանխելու նպատակով ԿԲ-ն որոշում է ընդունել կրկին ներդնել արտարժութային դիրքի նորմատիվը, որը լուծարվել էր 2008 թ.-ի հունվարին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև