Հայաստանյան երեք կազմակերպություններ Պատվո ժապավենների են արժանացել

14.10.2010 18:34
Հայաստանյան երեք կազմակերպություններ Պատվո ժապավենների են արժանացել

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանյան երեք ընկերություններ` Vivacell-MTS-ը, «Իննովա Սոլյուշնս» ՍՊԸ-ն, «Վիստաա Պլյուս» ՍՊԸ-ն, արժանացել են HSBC բանկի կողմից հովանավորվող Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության 2010 (European Business Awards) «Պատվո ժապավենների» (Ruban d’Honneur):

ԵԲՄ-ն տեղի է ունենում արդեն 4-րդ տարին և համարվում է Եվրոպայում բիզնես նորարարության, հաջողության և կայունության խորհրդանիշ: Պատվո ժապավեն մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր մրցանակակարգերում հաջողություններ գրանցած տասը մասնակցի հետևյալ մրցանակակարգերում` Տարվա բիզնես, Տարվա գործարար, Տարվա նորարարություն, Ֆոկուս դեպի հաճախորդը, Աճի ռազմավարություն, Տարվա գործատու, Կորպորատիվ պատասխանատվություն, Բնապահպանական իրազեկվածության և Նախագահի ընտրություն:

«HSBC Բանկ Հայաստանի առևտրավարկային վարչության կողմից շնորհավորում եմ հաղթող ընկերություններին: Մենք  հպարտ ենք մրցանակաբաշխությանը ներկայացված բարձրակարգ կազմակերպությունների շարքում տեսնել Հայաստանը ներկայացնող բիզնեսներին:

Սա վկայում է ձեռներեցության և բիզնես նախաձեռնությունների բարձր մակարդակի մասին, ինչը նկատելի է ԵԲՄ շրջանակներում և ինչին ես ականատես եմ լինում HSBC հաճախորդների հետ իմ ամենօրյա շփման ընթացքում»,- ասաց HSBC Բանկ Հայաստանի առևտրավարկային վարչության կառավարիչ Արամ Փինաջյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի կողմից ինը ընկերություն է ներկայացվել, որոնցից երեքը հաղթող են ճանաչվել:

«Պատվո ժապավենի բոլոր մրցանակակիրները հրավիրված են ներկա գտնվել նոյեմբերի 16-ին Փարիզում կայանալիք Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության գալա ընդունելությանը»,- հայտնեց Փինաջյանը:

Ինչպես նշեցին «Պատվո ժապավեն» ստացած հայկական ընկերությունների ղեկավարները, այս մրցանակը նրանց համար աշխատանքները շարունակելու խթան կդառնա:

Մասնավորապես, ըստ Vivacell-MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ ընկերությունը հետագայում էլ կառավարում կզարգացնի, ավելիին կձգտի:

«Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք արժանիորեն ներկայացնել մեր երկիրը»,- ընդգծեց նա: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև