HSBC Բանկ Հայաստանը մեկ ամսվա ընթացքում կվերսկսի դրամով վարկավորման գործընթացը

14.10.2010 17:48
HSBC Բանկ Հայաստանը մեկ ամսվա ընթացքում կվերսկսի դրամով վարկավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն մեկ ամսվա ընթացքում կվերսկսի ֆիզիկական և իրավաբանական անձանց դրամով վարկավորումը, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց « HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր-գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը  (Astrid Klifford):

«Առաջիկա ամսվա ընթացքում մենք կվերսկսենք դրամով վարկավորումը: Դա կլինի և հիփոթեքային, և սպառողական վարկավորում», - ասաց Քլիֆորդը:

Նրա խոսքերով՝ նախորդ տարի հայկական բանկերը բավականին պասիվ էին դրամի ոչ լիկվիդայնության պատճառով:

«Մենք տարեսկզբից վերսկսել ենք հիփոթեքի գծով իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկավորումը», - նշեց նա:

Բանկի կողմից հրապարակված 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի զեկույցի համաձայն, HSBC Բանկ Հայաստանի հիփոթեքային վարկերը կազմել են 15,9 միլիարդ դրամ կամ հաշվետու ժամանակահատվածում մասնավոր հատվածին տրամադրած վարկերի 22,7 տոկոսը:

Քլիֆորդն ասաց, որ այս տարի ֆիզիկական անձանց կողմից վարկերի նկատմամբ պահանջարկն ավելի ցածր է, քան նախորդ տարիներին:

«Սակայն մենք արդեն զգում ենք այդ շուկայում գոյություն ունեցող պահանջարկը և հույս ունենք, որ կկարողանանք ապահովել այն», - նշեց նա:

«HSBC Bank plc»-ը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է օտարերկրյա հայ ներդրողներին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2010թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 126,7 միլիարդ դրամ, պարտավորությունները` 107,9 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը` 18,8 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը` 7,6 միլիարդ դրամ, ընդհանուր վարկային ներդրումները՝ 70,3 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` շուրջ 101,9 միլիարդ դրամ, իսկ մաքուր շահույթը 2010 թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 1,9 միլիարդ դրամ: Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բանկի յոթ մասնաճյուղ է գործում: (1 դոլարը 361,28 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև