ՀՀ ֆինանսական հաշտարարի կողմից 2010թ.-ին հօգուտ քաղաքացիների ավելի քան 28 մլն դրամ է գանձվել

24.01.2011 15:07
ՀՀ ֆինանսական հաշտարարի կողմից 2010թ.-ին հօգուտ քաղաքացիների ավելի քան  28 մլն դրամ է գանձվել

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից 2010թ.-ին քաղաքացիների օգտին ավելի քան 28,3 մլն դրամ է գանձվել՝ 2009թ.-ի ավելի քան 26 մլն դրամի դիմաց, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

«2010թ.-ին ավելացել է ներկայացված բողոքների թիվը, բայց նյութական պահանջների չափն այնքան էլ մեծ չի եղել։ Ի տարբերություն 2010թ.-ի՝ 2009թ.-ին նյութական պահանջների չափն ավելի մեծ է եղել»,- տեղեկացրեց նա։

Ըստ Սարգսյանի՝ 2010թ.-ին նյութական պահանջների նվազագույն չափը 1 հազար դրամ է կազմել, իսկ առավել խոշորներից ֆինանսական հաշտարարն այն դեպքերը նշեց, երբ քաղաքացիները 2,5 մլն դրամի և նույնիսկ 10 մլն դրամի պահանջներ են ներկայացրել։ Նա նաև տեղեկացրեց, որ որոշ դեպքերում քաղաքացիների նյութական պահանջները բավարարվել են մասամբ։

«Շատ դեպքերում փոխհատուցումներն արդեն վճարված են, սակայն գործերի մի մասը քննարկման փուլում է գտնվում»,- ավելացրեց Սարգսյանը։

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի տվյալների համաձայն՝ բանկերից այցելուների օգտին գանձված փոխհատուցումների չափը գերազանցել է 11,8 մլն դրամը, ապահովագրական ընկերություններից՝ 7,4 մլն դրամը, վարկային կազմակերպություններից՝ 3,2 մլն դրամը, գրավատներից՝ 5,7 մլն դրամը։

ԱՊՀ երկրների մեջ Ֆինանսական համակարգի հաշտարարի առաջին գրասենյակը ստեղծվել և սկսել է գործել Հայաստանում 2009թ.-ի հունվարի 24-ից՝ «Ֆինանսական հաշտարարի մասին» օրենքին համապատասխան ($1 – 367,39 դրամ)։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև