ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումները հունվարի վերջին 4,1 միլիարդ դրամ են կազմել

12.03.2011 12:14
ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումները հունվարի վերջին 4,1 միլիարդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները հունվարի վերջին կազմել են 4,1 միլիարդ դրամ՝ դեկտեմբերի ցուցանիշի համեմատ աճելով 8,8 տոկոսով: Նման տեղեկատվություն է հրապարակված ՀՀ ԿԲ-ի 2011թ.-ի հունվար ամսվա տեղեկագրում, որը հրապարակված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Հարկ է նշել, որ բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է 0,4 տոկոս:

Ժամկետային վարկային ներդրումները հունվարի վերջին, դեկտեմբերի ցուցանիշի համեմատ, ավելացել են 0,6 տոկոսով՝ հասնելով 897,3  միլիարդ դրամի կամ կազմելով բոլոր վարկային ներդրումների 95 տոկոսը: Միաժամանակ երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում հասել են 42,7 միլիարդ  դրամի՝ դեկտեմբերի ցուցանիշի համեմատ ապահովելով 7 տոկոսանոց աճ և կազմելով բանկային համակարգի վարկային ներդրումների 4,5 տոկոսը:

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը հունվարի վերջին կազմել է 944,1 միլիարդ դրամ՝ դեկտեմբերի վերջի շուրջ 941,5 միլիարդ դրամի դիմաց՝ ավելանալով 0,3 տոկոսով: Միաժամանակ այս գումարից կարճաժամկետ ներդրումներին բաժին է ընկել 23 տոկոս, երկարաժամկետ ներդրումներին՝ 77 տոկոս: (1 դոլարը 360, 52 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև