Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա՝ մարտի 14-18-ի ամփոփումը

23.03.2011 18:25
Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա՝ մարտի 14-18-ի ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան արժույթի փոխարժեքի վստահ աճը շարունակվում էր անցած շաբաթվա ընթացքում: Հայաստանում ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ բարձր պահանջարկի ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայում նախորդ շաբաթ ավելացել է 0,85 տոկոսով՝ հասնելով 370,63 դրամի: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 24,48 մլն ԱՄՆ դոլար, ինչը 127,3 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվանից: Հայաստանում ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացել է 0,73 տոկոսով և շաբաթ օրը՝ մարտի 19-ին կազմել 371,75 դրամ:

1

Հայաստանում դոլարի փոխարժեքը մոտեցել և գերազանցել է դիապազոնի վերին սահմանը (370 դրամ), որտեղ, մեր կարծիքով՝ նա կարող էր հանդիպել դիմադրության՝ կարգավորիչի գործողությունների տեսքով, որը կաջակցի դրամի փոխարժեքին խուսափելու ավելի մեծ արժեզրկումից:

Սակայն Ճապոնիայում տեղի ունեցող իրադարձությունների, Լիբիայում ռազմական գործողությունների, համաշխարհային ֆինանսական շուկաներում անկայունության և երկրում արժույթի նկատմամբ բարձր պահանջարկի ֆոնի ներքո ՀՀ ԿԲ-ն, հավանաբար, կբարձրացնի դոլարի պաշտոնական փոխարժեքի տատանման հնարավոր դիապազոնի վերին սահմանը: Այս ամենի կապակցությամբ կարճաժամկետ հեռանկարում ԱՄՆ դոլարը կարող է շարունակել իր աճը՝ հասնելով 375 դրամի: Հայաստանում հաջորդ շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 370-374 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ հայկական արժութային շուկայում եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX արժույթի շուկայում տեղի ունեցած իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը բարձրացավ 2.1 տոկոսով՝ հասնելով 1,4179-ի:

Առևտրային շաբաթվա սկզբում եվրոյի փոխարժեքը ԱՄՆ դոլարի որոշակի ճնշման տակ էր՝ չկարողանալով սահմանվել 1,4000-ից ավելի մակարդակի վրա: Այս ամենն ուներ մի քանի պատճառ: Առաջինը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Ամերիկայում լարված աշխարհաքաղաքական իրավիճակն է, ինչպես նաև Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն ու ցունամին: Երկրորդը՝ Եվրոպայից ստացված բացասական մակրոտնտեսական վիճակագրությունը, երրորդը՝ Պորտուգալիայի վարկային վարկանիշը նվազեցնելու մասին Moody’s գործակալության որոշումը:

Սակայն շաբաթվա երկրորդ կեսին սեփական տոկոսադրույքներն անփոփոխ թողնելու և դրամավարկային քաղաքականությունը խթանող գործունեությունը շարունակելու մասին ԱՄՆ ԴՊԾ-ի որոշման ֆոնի ներքո ներդրողները կրկին ուշադրություն դարձրեցին բարձր եկամուտ բերող արժույթների վրա: Հետագայում, ճապոնական իենի փոխարժեքի նվազմանն ուղղված մեծ յոթնյակի կենտրոնական բանկերի համատեղ գործողությունները լավ հիմք դարձան՝ եվրոյի ամրապնդումը շարունակելու համար:

Այս բոլոր իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 2,2 տոկոսով՝ հասնելով 526,45 դրամի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն ԱՄՆ-ի և Եվրամիության կենտրոնական բանկերի ղեկավարներ Բեն Բեռնանկեի և Ժան-Կլոդ Տրիշեի ելույթները: ԱՄՆ-ում մակրոտնտեսական վիճակագրությունից հարկավոր է նշել փետրվարին անշարժ գույքի շուկայի տվյալների հրապարակումը և երկարաժամկետ սպառման ապրանքների պատվերների ծավալների փոփոխությունը, ինչպես նաև 2010 թ.-ի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալների եզրափակիչ փոփոխությունը:

Մեր կարծիքով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ԵԿԲ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացման ակնկալիքի և ԱՄՆ ԴՊԾ-ի դրամավարկային մեղմ քաղաքականության ֆոնի ներքո EUR/USD արժութային զույգը կշարունակի աճել: Հնարավոր է, որ այն հասնի 1,4400-ի: Եվրոյի համար որպես աջակցություն կլինի 1,3900 կետը: Հայաստանում այս դեպքում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 515 – 533 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու միջին փոխարժեքն աճեց 1,23 տոկոսով՝ հասնելով 13,2 դրամի: Այս ամենը պայմանավորված էր նավթի աճող գների պատճառով ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքների աճով: Այսպես, նախորդ շաբաթ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքն ավելացավ 0,8 տոկոսով՝ հասնելով 114,18 ԱՄՆ դոլարի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուսական ռուբլու դինամիկան կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններից և նավթի գներից: Նավթի բարձր գինը կշարունակի աջակցել ռուսական արժույթի արժեքին: Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրվա ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,0-13,5 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում գործարքներ են իրականացվել միայն ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով գործարքներ չեն իրականացվել:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև