ՀՀ ԿԲ-ն 0,25 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 8,5%

13.04.2011 14:11
ՀՀ ԿԲ-ն 0,25 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 8,5%

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում է ընդունել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 8.5%, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2011 թվականի մարտին արձանագրվել է 0.8% գնաճ:

«Չնայած սպառողական զամբյուղի նոր կշիռների հիման վրա հունվար և փետրվար ամիսների վերագնահատված գնաճը նվազեցրել է մարտի 12-ամսյա ցուցանիշը, այդուհանդերձ այն դեռևս բավականին բարձր է` 11.5%: Ընդ որում, վերջինիս 8.3 տոկոսային կետը պայմանավորել է պարենային ապրանքների գների աճը», - նշել են մամուլի ծառայությունից:

Խորհուրդն արձանագրել է, որ ներկայումս պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվում է գների աճի տեմպերի անկում: Սակայն 2011 թվականի առաջին եռամսյակում դրանց աճը գերազանցել է կանխատեսումները, ինչն առաջիկա ժամանակահատվածի համար ներքին տնտեսությունում կպահպանի արտաքին գնաճային ճնշումները, գնաճի երկրորդային ազդեցությունները, գնաճային սպասումները:

Խորհուրդը իրատեսական է համարում, որ գյուղատնտեսության ոլորտում ձեռնարկված միջոցառումները կնպաստեն 2010 թվականի արդյունքներով այդ ճյուղում կրճատված առաջարկի վերականգմանը արդեն իսկ առաջիկա ամիսներին:

Խորհուրդը գտնում է, որ 2011թ. տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը, հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությունը համախառն պահանջարկի ձևավորման վրա, պետական այլ կառույցների աջակցությունը հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011 թվականի երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար:

Վերջին անգամ ԿԲ-ն 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2011 թ.-ի մարտի 4-ին՝ հասցնելով այն 8,25 տոկոսի: Մինչ այդ Կենտրոնական բանկը 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2011 թ.-ի փետրվարի 8-ին՝ հասցնելով այն 7,75 տոկոսի:

2010 թ.-ի ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է հինգ անգամ՝ 5,0 տոկոսից հասնելով 7,25 տոկոսի (հունվարի 21-ին, փետրվարի 16-ին, մարտի 9-ին և ապրիլի 13-ին, ամեն անգամ բարձրացվել է 0,5 տոկոսային կետով, իսկ մայիսի 11-ին՝ 0,25 տոկոսային կետով):

Հայաստանի 2011 թ.-ի պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև