ՀԲ–ն Հայաստանին 75 մլն դոլար է տրամադրել SDPO երկրորդ ծրագրի շրջանակում

23.12.2014 20:32
ՀԲ–ն Հայաստանին 75 մլն դոլար է տրամադրել SDPO երկրորդ ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԲ–ն երեքշաբթի Հայաստանին 75 մլն դոլար տրամադրեց Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրով (Second Development Policy Operation – DPO), որը կուղղվի ՀՀ կառավարության կողմից իրականացման փուլում գտնվող կարևորագույն բարեփոխումներին։

Երկրորդ ԶՔԳ–ն ներառում է ընդհանուր առմամբ 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՎԶՄԲ-ից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով:

Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին, մինչ վերջինս հարմարվում է տարածաշրջանային ու միջազգային փոփոխական տնտեսական զարգացումներին և ձգտում ձևավորել ավելի ամուր տնտեսություն, որը կապահովի զարգացման ճանապարհին Հայաստանի հիմնական մարտահրավերն հանդիսացող աշխատատեղերը:

«Տարածաշրջանային դինամիկան, որ անդրադառնում է Հայաստանի վրա, փաստում է, թե ինչքան կարևոր է մեր աջակցությունը միջնաժամկետ ու երկարաժամկետ տնտեսական աճի ու ինքնաբավության հարցում։ Մինչ միջազգային գործընկերները ներկայումս աշխատում են ազգային իշխանությունների հետ՝ հոգալու ներկայիս կարճաժամկետ անկայունության հետ կապված հարցերը, մենք շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել այն կարևոր կառուցվածքային փոփոխությունները, որոնք թույլ կտան Հայաստանին գործ ունենալ համաշխարհային տնտեսության իրողությունների հետ և լինել մրցունակ և ըստ այդմ ստեղծել աշխատատեղեր», – հայտարարել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին (Laura E. Bailey)։

ԶՔԳ-ի ներքո աջակցություն կցուցաբերվի այն բարեփոխումներին, որ Կառավարության կողմից իրականացվում են հինգ հիմնական նպատակների ուղղությամբ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այդ ուղղություններն են` գործարար միջավայրի ամրապնդումը, վարկային ռեսուրսների հասանելիության բարելավումը, քաղաքացիական ծառայության նպատակային արդյունավետության ու թափանցիկության բարելավումը, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ընդլայնումը, հարկաբյուջետային տիրույթի, հանրային ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների կառավարման բարելավումը։

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև