Յունիբանկի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

15.06.2016 19:43
Յունիբանկի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի հունիսի 15-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ,  ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ցուցակված լրացուցիչ արժեթղթերը ներառում են 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 22,704,347 հատ բաժնետոմս (ISIN - AMUNIBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են UNIB բորսայական հապավմամբ:

Բորսայում հիշեցնում են, որ բանկն ապրիլի 20-21 իրականացրել էր նշված լրացուցիչ թողարկման բաժնետոմսերի տեղաբաշխումը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում, որի ընթացքում տեղաբաշխվել էր 22,704,347 հատ հասարակ անվանական բաժնետոմս` 5,221,999,810 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Բաժնետոմսերի գինը տեղաբաշխման ընթացքում կազմել էր 230 ՀՀ դրամ:

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին: Բանկի ռազմավարական նպատակների շարքում է փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումը: Ներկայումս բանկն ունի 45 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում, ինչպես նաև ներկայացուցչություն Մոսկվայում:

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ֆոնդային բորսայի անդամ է 2008-ից, իսկ 2015թ.-ի հուլիսից նաև արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի, իսկ 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ արժեթղթերի շուկայի կարևոր ենթակառուցվածքային ինստիտուտներներից են: Բորսան շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև