«Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց

16.10.2017 14:43
«Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 9–ին Կոնվերսբանկի «Սայաթ–Նովա» մասնաճյուղում կատարված հարձակումը բացահայտվել է։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

«Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Աշտարակի բնակիչ 1988 թ. ծնված Պյոտր Ցիգանկովն ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է:

Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից հինգ օր անց, մայրաքաղաքի Չեխովի փողոցից:

Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից:

Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը և օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան և «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն:

«Քննվող գործի շրջանակում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվել են նաև Երևանի բնակիչ 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Աշոտ Մանուկյանը ևս ձերբակալվել է: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքնության: Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանկովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարոնակվում է:

«Պյոտր Ցիգանկովի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև