30.04.2015 15:23
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում երկու մարդ է ձերբակալվել առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու կասկածանքով` ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով։
Հաղորդագրության համաձայն` Արարատ քաղաքի բանկերից մեկի մարզային մասնաճյուղի գլխավոր հաշվապահից գրավոր հաղորդում է ստացվել, որ ս/թ մարտի 25-30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձն Արարատ քաղաքի մասնաճյուղում փոխանակման նպատակով իրացրել է ընդհանուր 9.000 եվրո, 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու դեպքի առթիվ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Քննության շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված քննչական, դատավարական եւ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձանց ինքնությունը, ձեռքբերման աղբյուրը։
«Քննության տվյալներով՝ կեղծ թղթադրամները ձեռք է բերել Արարատի մարզի 28-ամյա բնակիչը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության միջոցով՝ Հունաստանից, որոնք իրացնելու համար փոխանցել է 26-ամյա մեկ այլ ՀՀ քաղաքացու։ Վերջինս կեղծ թղթադրամներն իրացրել է փոխանակելու միջոցով բանկի մարզային մասնաճյուղում»,- ասված է հաղորդագրությունում։
Նախաքննությունը շարունակվում է։--0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: