ՀԲ–ն Հայաստանին կտրամադրի 45,8մլն եվրո վարկ` բարեփոխումների կայունության և մրցակցությունը խթանելու նպատակով

22.11.2019 14:27
ՀԲ–ն Հայաստանին կտրամադրի 45,8մլն եվրո վարկ` բարեփոխումների կայունության և մրցակցությունը խթանելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/.  Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար, հաղորդում է ՀԲ մամուլի ծառայությունը:   

Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ բարելավելով մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, կատարելագործելով եկամուտների ներգրավման և հանրային ներդրումների արդյունավետությունը և հզորացնելով հակակոռուպցիոն նախաձեռնությունները և արդարադատության համակարգի ու քաղաքացիական ծառայության կատարողականը:

«Նոր վարկավորումը հաջորդում է թույլ կառավարման և կոռուպցիայի դեմ 2018 թ. անցկացված համատարած բողոքի ակցիաներին, որոնց գագաթնակետը խաղաղ և պատմական «թավշյա» հեղափոխությունն էր: Նորընտիր կառավարությունը, զինված փոփոխության իրականացման հզոր մանդատով, առաջադրեց հնգամյա բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի նպատակն է  մրցակցության բարելավումը և տնտեսական աճի խթանումը՝ միաժամանակ բավարարելով ժողովրդի՝ լավ կառավարման, թափանցիկության բարձրացման, հաշվետվողականության և արդյունավետ հանրային ծառայությունների պահանջները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն, սույն գործառնությամբ սահմանվում է կառավարման առանցքային բարեփոխումների, սկզբնական քայլերի առաջնահերթությունը, որոնք մի շարք ոլորտներում հիմք են ստեղծում երկարաժամկետ բարեփոխումների համար։

«Այն խարսխված է կառավարության 2019–23 թթ. ծրագրի և Բանկի 2019-23 թթ. Երկրի հետ գործընկերության շրջանակի վրա, որն ընդգծում է կառավարումը որպես փոխհատվող հենք: Դրա առանցքում բարձր ռազմավարական նշանակությամբ, ազդեցությամբ և բարեփոխումների կայունությամբ ոլորտներն են, որտեղ այն կարող է օժանդակել ավելի խորը փոփոխությունների կառուցվածքային տարրերին», – նշել է Բոսութղոն։

Շուկայական մրցակցության թիրախավորումն, օրինակ,  իրականացվում է  պետական աջակցության հսկողական համակարգի ներդրման, հարկային վարչարարության ավելի թափանցիկ և կանոնահենք  համակարգի զարգացման, օրենքների և կարգավորումների որակի ու արդյունավետության բարձրացման և արդյունավետ ու ռիսկահենք մաքսային կառավարում սահմանող միջամտությունների միջոցով:

Հարկաբյուջետային կոնսոլիդացմանը և ծախսերի արդյունավետությանն օժանդակում են հարկային վարչարարության բարելավման և հանրային ներդրումների կառավարման ավելի ամբողջական համակարգի ստեղծման միջոցառումները: Հանրային հատվածի կառավարման բարելավումները կամրապնդվեն հակակոռուպցիոն միջոցառումների փաթեթին աջակցմամբ և արդարադատության ոլորտի և քաղաքացիական ծառայության կատարողականի կատարելագործմամբ:

45.8 միլիոն եվրոն (շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլարը) հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14.5 տարի արտոնյալ և 25.5 տարի մարման ընդհանուր ժամկետով:

1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ հանձնառությունների ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես 2,429,734 միլիոն ԱՄՆ դոլար:-0- 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև