Ուղիղ 26 առաջ ներդրված ազգային արժույթը շարունակում է բարձր վստահություն վայելել ՀՀ քաղաքացիների շրջանում. ԿԲ նախագահ

22.11.2019 13:21
Ուղիղ 26 առաջ ներդրված ազգային արժույթը շարունակում է բարձր վստահություն վայելել ՀՀ քաղաքացիների շրջանում. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորական ուղերձ է հղել բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

«Շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Նոյեմբերի 22-ն արդեն կայացած, ավանդույթներ թելադրող օր  է բանկային ոլորտի աշխատակիցների համար: Ուղիղ քսանվեց տարի առաջ ներդրված ազգային արժույթը շարունակում է բարձր վստահություն վայելել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում», – նշել է Ջավադյանն իր ուղերձում`փաստելով, որ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը կայացած ինստիտուցիոնալ հանրույթ է, որը հպարտության զգացում է առաջացնում համակարգի բոլոր աշխատակիցների շրջանում։

«Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից։ Մեր բոլորի շարունակական ջանքերի, նոր գիտելիքների և հմտությունների սերտման միջոցով է պայմանավորվելու համակարգի հաստատուն զարգացումն ու կայունությունը: Բարձր ենք գնահատում և խորին երախտագիտություն հայտնում բանկային աշխատակցին՝ ում հետևողական աշխատանքի արդյունքն է ներկայիս կայացած բանկային համակարգն ու պետականության կարևորագույն խորհրդանիշներից հանդիսացող ազգային արժույթը: Շնորհավորում եմ բոլորիս՝ բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, երջանկություն անձնական կյանքում», – նշված է Ջավադյանի ուղերձում: 2003թ.–ին ՀՀ կառավարությունը նոյեմբերի 22–ը հռչակել է Բանկային աշխատակցի օր։ Այդ ժամանակվանից նոյեմբերի 22–ին բանկային աշխատակիցները նշում են իրենց պրոֆեսիոնալ տոնը։ Ամսաթիվը պատահական չի ընտրված, 1993 թ.–ի նոյեմբերի 22–ին Հայաստանում շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը` հայկական դրամը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև