2021թ.-ին ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը կարող է անցկացվել Հայաստանում

19.12.2019 13:38
2021թ.-ին ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը կարող է անցկացվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Տնօրենների խորհուրդը դեկտեմբերի 17-ին հաստատել է Հայաստանի թեկնածությունը՝ ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու համար, իր Facebook-յան էջում հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Առաջիկայում սպասվում է հարցի վերաբերյալ նաև ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի քվեարկությունը, ինչի արդյունքում 2020թ․ հունվարի վերջին պարզ կլինեն վերջնական արդյունքները»,- գրել է Ավինյանը:

Փոխվարչապետը հիշեցրել է, որ դեռևս այս տարվա գարնանը տեղեկացվել է 2021 թվականի ՎԶԵԲ տարեկան ժողովի և գործարար համաժողովի Երևանում անցկացնելու ցանկության մասին: Այս մտադրությունը բազմիցս վերահաստատվել է Բանկի ներկայացուցիչների հետ տարբեր հարթակներում կայացած բարձրաստիճան հանդիպումների ընթացքում:

«Կառավարության կողմից ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ պաշտոնական գրություն-հայտից հետո նոյեմբերի սկզբին Երևանում մանրամասն քննարկումներ էի ունեցել Բանկի գլխավոր քարտուղարի ղեկավարած պատվիրակության հետ, որը տեղում գնահատել էր նման ներկայացուցչական միջոցառում անցկացնելու Հայաստանի հնարավորությունները»,- հայտնել է նա:

Ավինյանի խոսքով, ՎԶԵԲ տարեկան ժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների վերաբերյալ և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարական հարցերի շուրջ:

Նա բացատրել է, որ տարեկան ժողովի շրջանակում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որոնց ներքո հյուրընկալող երկիրը և նախապես ընտրված մի քանի այլ երկրներ ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։

 «Միջոցառումը նաև հիանալի հնարավորություն է գործարար համայնքի համար նոր կապեր հաստատելու առումով, քանի որ սովորաբար հյուրընկալում է ավելի քան 2000 մասնակիցների, որոնց թվում` առաջատար ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներ»,- հավելել է փոխվարչապետը:

ՎԶԵԲ–ը Հայաստանի գործող ինստիտուցիոնալ ներդրողներից է, որը 1992թ.–ից ներդրել է 1,36 մլրդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում 178 ծրագրեր իրականացման համար, ընդ որում ներդրումների 99%–ը բաժին է հասել մասնավոր հատվածին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև