Փոխվարչապետը ՎԶԵԲ–ի պատվիրակությանն է ներկայացրել կառավարության ծրագրի առաջնահերթությունները

05.02.2019 20:42
Փոխվարչապետը ՎԶԵԲ–ի պատվիրակությանն է ներկայացրել կառավարության ծրագրի առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության ծրագիրը փետրվարի 6–ին կներկայացվի ԱԺ և կհրապարակվի։

Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեքշաբթի ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ավինյանի խոսքով, կառավարության ծրագրի հրապարակումից հետո արդեն ավելի առարկայական քննարկումներ կարող են գնալ կառավարության տեսլականին ՎԶԵԲ ռազմավարությունը մոտարկելու առումով: Փոխվարչապետն ավելացրել է, որ կառավարության ծրագիրը հիմնված է ներառական աճի, տնտեսության մրցունակության բարձրացման և արտահանման խթանման վրա:

Ավինյանը նաև նշել է, որ ՎԶԵԲ–ը ռազմավարական գործընկեր է հանդիսանում Հայաստանի համար և արդյունավետ համագործակցությունը Բանկի հետ շարունակում է խորանալ։ Փոխվարչապետը կարևորել է մի շարք ուղղություններով ՎԶԵԲ հետ համագործակցությունը մասնավորապես տարբեր ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտի զարգացման, ֆինանսական շուկաների կայացման և ՓՄՁ ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի մասով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մատեո Պատրոնեն նշել է, որ մոտակա ամիսների ընթացքում դիագնոստիկ ուսումնասիրության արդյունքում՝  ՎԶԵԲ-ը ձեռնամուխ է լինելու երկրի գործընկերության հնգամյա ռազմավարության ձևակերպմանը՝ կառավարության ծրագրային առաջնահերթությունների հետ համահունչ և կառավարության հետ ակտիվ երկխոսության միջոցով: Սա լինելու է նաև գարնանը սպասվող ՎԶԵԲ նախագահի Հայաստան այցի օրակարգային հարցերից մեկը:

Զրուցակիցները քննարկել են նաև ՎԶԵԲ աջակցությամբ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության, տեղական կապիտալի շուկայի զարգացման, պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման գործիքակազմի հետ կապված հարցեր:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև