Էկոնոմիկայի նախարարը կարևորել է ԵՄ–ի ՎԶԵԲ–ի աջակցությամբ Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացումը

07.02.2020 19:18
Էկոնոմիկայի նախարարը կարևորել է ԵՄ–ի ՎԶԵԲ–ի աջակցությամբ Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացումը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրերին Հայաստանում և իր գոհունակությունը հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի որոշման կապակցությամբ, որի համաձայն Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։ Նա համոզմունք է հայտնել, որ միջոցառումը կնպաստի  մեր երկրի ու տնտեսության նկատմամբ ուշադրության կենտրոնացմանը:

Նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նպատակներն ու գործողություններն՝ ընգծելով մասնավոր հատվածի հավասար մրցակցության և թափանցիկության կարևորությունը:

«ՎԶԵԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսական կյանքում շատ կարևոր է: Առանձնակի կարևորում ենք, որ Բանկը ուղիղ աշխատում է մասնավոր հատվածի ձեռնարկությունների հետ, քանի որ ՎԶԵԲ-ի ներկայությունը մասնավոր հատվածում միայն տնտեսական ներկայություն չէ, այն նաև տնտեսական մշակույթի չափորոշիչներն է սահմանում այդ ընկերությունների զարգացման համար: Այդ հատվածում առանց կորպորատիվ կառավարման բարձր՝ միջազգային չափանիշների համապատասխան մակարդակի չենք կարող ակնկալել որակյալ ֆինանսական մեծ հոսքեր», - նշել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանը կարևորել է նաև Բանկի միջնորդավորված ներկայությունը՝ Հայաստանի տնտեսական կյանքում նշանակալի համարելով Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման իրողությունը:

«Երևան ենք ժամանել շատ հատկանշանական ժամանակահատվածում. մեր 71 անդամները որոշում կայացրեցին հաջորդ հավաքն անցկացնել այստեղ: Սա երկուստեք հրաշալի հնարավորություն է, մասնավորապես՝ Հայաստանը կարող է ակնկալել միջազգային լսարանի ու ներդրողների հետաքրքրություն այս համատեքստում», - ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  փոխնախագահ Պիեր Հեյլբրոննը։

Պիեր Հեյլբրոնն իր խոսքում անդրադարձել է ՎԶԵԲ-ի կողմից մշակվող երկրի ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանը  նշանակալի աշխատաքներ է տանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Բանկի փոխնախագահը հետաքրքրվել է Հայաստանի կառավարության տնտեսական թիմի առաջնահերթություններից՝ հստակեցնելու հետագա համագործակցությունը:

Կողմերն այս համատեքստում քննարկել են կապիտալի շուկայի զարգացումը՝  որպես ենթակառուցվածք և մրցունակության բարձացման միջոց, որտեղ, ըստ Տիգրան Խաչատրյանի, Հայաստանը փոփոխությունների մեծ ներուժ ունի: Նախարարն այստեղ կարևորել է միջազգային փորձագիտական աջակցությունը: Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում տեխնիկական զինվածության և արտադրողականության  բարձրացրման կարիքների վերաբերյալ՝ խրախուսելու այդ ուղղությամբ իրականացվող ներդրումները: Անդրադարձ է եղել «կանաչ տնտեսության» հայեցակարգի մշակման խնդիրներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման, վարքածային փոփոխությունների անհրաժեշտությանը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև