Հայաստանում վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազ. ֆիզիկական և 15 հազ. իրավաբանական անձանց (ՎԻԴԵՈ)

16.05.2020 13:24
Հայաստանում վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազ. ֆիզիկական և 15 հազ. իրավաբանական անձանց (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրությամբ պայմանավորված վարկառուների զգալի մասի համար տրամադրել են վարկային արձակուրդներ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրն առցանց ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին:

«Մայիսի 5-ի դրությամբ վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց։ Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768 հազար 150 վարկ և իրավաբանական անձանց 16 հազար 875 վարկ»,- նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով, ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները հնարավորություն են ստացել հիփոթեքային վարկերի մարումները հետաձգել 6 ամսով։ Մասնավորապես, դա վերաբերում է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» և «Բնակարան Երիտասարդներին» ծրագրերի շահառուներին:

«Տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հնարավոր է հետաձգել մինչ 6 ամսով, այսինքն մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ»,- հայտնել է վարչապետը:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Հայաստանում մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև