ԱրարատԲանկը 5 մլն ԱՄՆ դոլարի երկկողմ պայմանագիր է կնքել

03.02.2021 13:27
ԱրարատԲանկը 5 մլն ԱՄՆ դոլարի երկկողմ պայմանագիր է կնքել

ԵՐԵՎԱՆ, .3 փետրվարի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը և «Blue Orchard»-ի՝ Covid-19 Emerging and Frontier Markets MSME Support Fund հիմնադրամը («Blue Orchard»-ի՝ Զարգացող և սահմանային շուկաներում Covid-19 պայմաններում ՄՓՄՁ-ների աջակցման հիմնադրամ) 5 մլն դոլարի երկկողմ վարկային պայմանագիր են կնքել՝ Հայաստանում Covid-19 համավարակի հետևանքով տուժած ՄՓՄՁ-ներին աջակցելու համար, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Հիմնադրամի վարկային միջոցները հնարավորություն կտան միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին շարունակել կամ վերսկսել իրենց գործունեությունը համավարակի պայմաններում՝ միաժամանակ ստեղծելով աշխատատեղեր և զարկ տալով տնտեսությանը:

«Ուրախ եմ արձանագրել այն փաստը, որ Covid-19 Emerging and Frontier Markets MSME Support Fund հիմնադրամը գործարկվել է «BlueOrchard» ընկերության կողմից, որի հետ ԱրարատԲանկը արդյունավետ կերպով համագործակցում է դեռևս 2013թ․-ի փետրվարից։ Այս նոր վարկային միջոցները հնարավորություն կտան ՄՓՄՁ-ներին մեղմացնել Covid-19 համաճարակի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։ Պետք է նշեմ, որ ԱրարատԲանկն ակտիվ մասնակցություն է ունեցել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին և կորոնավիրուսից տուժած ավելի քան 120 շահառուի տրամադրել է շուրջ 6 մլրդ ՀՀ դրամ ծավալով վարկային միջոցներ», - նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։   

«Covid-19 համաճարակի տնտեսական հետևանքներից հատկապես տուժել են ՄՓՄՁ-ները: Այս անբարենպաստ պայմաններում ԱրարատԲանկին հաջողվել է բարելավել և ընդլայնել իր թվային բանկինգի հնարավորությունները՝ հաճախորդների համար հասանելիությունը ապահովելու համար: Այս դժվար ժամանակներում մենք շատ հպարտ ենք, որ աջակցում ենք ԱրարատԲանկին և Հայաստանում գործող ՄՓՄՁ-ներին` իրենց գործունեությունն ու բիզնեսները վերսկսելու, ինչպես նաև աշխատատեղերի ապահովմանը և տեղական տնտեսության կայունացմանը նպաստելու գործում», - ասել է «BlueOrchard»-ի Վարկավորման գծով գլխավոր տնօրեն Նորմունդս Միզիսը։

ԱրարատԲանկ բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին և ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ և ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով և կորպորատիվ կառավարման լավագույն փորձով Բանկն ունի 56 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 17 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների  հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ Բանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Ընթացիկ տարում, չնայած գլոբալ մարտահրավերներին, Բանկը կարողացավ ապահովել հիմնական ցուցանիշների կայունությունը: Այսպես, իր գործունեության արդյունքում 2020թ․-ի վերջի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 475.3 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներից վարկային ներդրումները կազմել են 283.4 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 56.6%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (160.3 մլն դոլար), իսկ 46.2%-ը՝ մանրածախ վարկավորմանը (130.9 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում Բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 402.0 մլն դոլար: Այստեղ շուրջ 31.7%-ը կամ 127.5 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 22.1%-ը կամ 88.8 մլն դոլարը ժամկետային ավանդներին և 22.4%-ը կամ 90.2 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2020թ.-ի ընթացքում Բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 18.9 մլն դոլարով (27.0%):

Բանկի ընդհանուր կապիտալը, պայմանավորված ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ, նախորդ տարվա 77.9 մլն դոլարի համեմատ նվազել է՝ կազմելով 73.2 մլն դոլար: 2020թ.-ի ընթացքում Զուտ շահույթը կազմել է 2.6 մլն դոլար: Չնայած 2020թ.-ի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին, հաճախորդների միջոցների հնարավոր արտահոսքերի ռիսկերին՝ Բանկին հաջողվել է դեկտեմբերի դրությամբ պահպանել կապիտալի համարժեքության 15.09% և ընդհանուր իրացվելիության 24.56% մակարդակ:

Ավելին` ԱրարատԲանկի կայքում և Facebook-յան էջում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև