ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ

08.06.2021 14:39
ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը, որը հանրօգուտ ներդրման համար շուկայի հասանելիությունն ապահովող առաջատար հարթակ է, կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է  ԱրարատԲանկին, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

 «Agence Française de Développement Group»-ի դուստր ընկերություն «Proparco»-ն, որը մասնագիտացված է մասնավոր հատվածի ֆինանսավորման մեջ, ձեռք է բերել  5 մլն ԱՄՆ դոլարի կայունության պարտատոմսեր: «Հույս ունենք, որ առաջիկա ամիսներին նրանց աջակցությամբ կավելացնենք «կանաչ» և կայունության պարտատոմսերի թողարկման ծավալը և կհորդորենք եվրոպացի ներդրողներին ավելացնել իրենց ներդրումները կայուն ֆինանսավորման ոլորտում»,- նշել են «Սիմբիոտիքս»-ի մամուլի ծառայությունում:

Կայունության պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները կօգտագործվեն սահմանված չափանիշներին համապատասխանող սոցիալական, ինչպես նաև «կանաչ» վարկերի ֆինանսավորման համար։ Սոցիալական վարկերի միջոցով միկրո ձեռնարկություններն ու ՓՄՁ-ները կխթանեն երկրում աշխատատեղերի ստեղծումն ու գործարար միջավայրի ակտիվությունը, իսկ «կանաչ» վարկերը կտրամադրվեն վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, էկոշենքերի և էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների խթանման նպատակով:

«Կայունության պարտատոմսերի այս թողարկմամբ ԱրարատԲանկը ցույց է տալիս կայուն ֆինանսավորման և էկոլոգիապես ու սոցիալապես շահավետ վարկերի խթանման իր հանձնառությունը: Կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն օգտագործվելու են այնպիսի ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք նպաստում են աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, ինչպես նաև պայքարում են  կլիմայի փոփոխության դեմ», նշել է «Սիմբիոտիքս» ընկերության Ներդրումների գծով տնօրեն Դանիել Շրիբերը։

«Որդեգրելով «կայուն զարգացում երկարաժամկետ հատվածում» գործելաոճը՝ ԱրարատԲանկը կարևորում է հասարակության ու ձեռնարկությունների համար բարեկեցիկ և կայուն ապագա ստեղծելու համար նպաստավոր ֆինանսավորումն ու ներդրումները` առաջնահերթություն տալով այնպիսի ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք երկարաժամկետ հատվածում քաղաքները և համայնքները կդարձնեն էկոլոգիապես անվնաս և բնապահպանական տեսանկյունից անվտանգ»,- ասել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։

«Ուրախ ենք աջակցել «Սիմբիոտիքս»-ի պես ճանաչված խաղորդին` Հայաստանում ԱրարատԲանկի համար այս նորարարական և ներառական կայունության պարտատոմսերի զարգացման գործում: Զարգացող շուկաների համար մեզ անհրաժեշտ են ավելի շատ «կանաչ» և սոցիալական պարտատոմսեր: Այս նախագիծը լիովին համապատասխանում է «Proparco»-ի առաջնահերթություններին և կլիմայի վերաբերյալ ռազմավարությանը», - ասել է «Proparco»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգորի Կլեմենտեն:

«Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ` պարտատոմսերը թողարկվել են «Micro, Small & Medium Enterprises Bonds S.A.» հարթակի «կայունության, սոցիալական և «կանաչ» պարտատոմսերի համակարգի» միջոցով։ Համակարգը սերտիֆիկացվել է «DNV GL» ընկերության կողմից 2019 թվականի դեկտեմբերին: Կայունության պարտատոմսերը ցուցակվելու են Լյուքսեմբուրգի «Կանաչ» պարտատոմսերի ֆոնդային բորսայում՝ Կայունության պարտատոմսեր հարթակում: Կայունության պարտատոմսերից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվել են ԱրարատԲանկին առաջնային, չապահովված վարկի տեսքով, 4 տարի մարման ժամկետով։

Ավելին՝ հետևյալ հղմամբ։          

«Սիմբիոտիքս»-ի մասին 

Հանրօգուտ ներդրման համար շուկայի հասանելիությունն ապահովող առաջատար հարթակ հանդիսացող «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը զարգացող և սահմանային շուկաներում իրականացնում է ՄՓՄՁ-ների և ցածր ու միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ֆինանսավորում: 2005թ.-ից ի վեր «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը նախագծել և կնքել է ավելի քան 5,5 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի ծավալով շուրջ 4000 գործարք՝ շուրջ 90 զարգացող և սահմանային շուկաներում գործող ավելի քան 450 ընկերությունների համար: Ներդրումներն արվել են ավելի քան 25 արժութային հանձնագրերով և 50-ից ավել երրորդ կողմ հանդիսացող մասնագիտացված ֆոնդերի կառավարիչների կողմից՝ ձևավորելով աճող էկոհամակարգ և շուկա՝ նմանատիպ գործարքներ իրականացնելու համար: 

Ավելին՝ հետևյալ հղմամբ։ 

ԱրարատԲանկի մասին 

ԱրարատԲանկ բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով և կորպորատիվ կառավարման լավագույն փորձով բանկն ունի 53 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 17 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ բանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Այսպես, իր գործունեության արդյունքում 2021թ․-ի 1-ին եռամսյակի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 501.8 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներից վարկային ներդրումները կազմել են 281.2 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 54.8%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (154.1 մլն դոլար), իսկ 47.7%-ը՝ մանրածախ վարկավորմանը (134.1 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 426.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 30.0%-ը կամ 127.8 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 23.5%-ը կամ 100.3 մլն դոլարը՝ ժամկետային ավանդներին և 22.4%-ը կամ 95.3 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 12.9 մլն դոլարի չափով (14.8%):

Բանկի ընդհանուր կապիտալը նախորդ տարվա 73.2 մլն դոլարի համեմատ աճել է՝ կազմելով 75.5 մլն դոլար: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել է 3.4 մլն դոլար: Բանկը 1-ին եռամսյակում ապահովել է կապիտալի համարժեքության 14.73% և ընդհանուր իրացվելիության 27.49% մակարդակ:

«Proparco»-ի մասին 

«Agence Française de Développement Group»-ի դուստր ընկերություն «Proparco»-ն մասնագիտացված է մասնավոր հատվածի ֆինանսավորման մեջ։  

Ընկերությունը ավելի քան 40 տարի խթանում է տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայուն զարգացումը՝ ֆինանսավորելով և աջակցություն տրամադրելով Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում և Միջին Արևելքում գտնվող բիզնեսներին, ինչպես նաև ֆինանսական հաստատություններին: Ընկերությունը շեշտը դնում է զարգացման հիմնական ոլորտների վրա. ենթակառուցվածքներ,  հիմնականում վերականգնվող էներգիա, ագրոբիզնես, ֆինանսական հաստատություններ, առողջապահություն և կրթություն: 

Իր գործունեության նպատակն է ուժեղացնել մասնավոր խաղորդների ներդրումը 2015 թ.-ին միջազգային հանրության կողմից ընդունված Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործում: Այդ նպատակով «Proparco»-ն ֆինանսավորում է այն ընկերություններին, որոնց գործունեությունը նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը, պատշաճ եկամուտների, առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների ապահովմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Ավելին՝ հետևյալ հղմամբ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև