ՍԴ-ն «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը ճանաչել է հակասահմանադրական

18.06.2020 20:54
ՍԴ-ն «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը ճանաչել է հակասահմանադրական

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ սահմանադրական դատարանը հինգշաբթի «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները ճանաչել է հակասահմանադրական, այս մասին հայտնում է ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունը։

Ազգային ժողովը 2020 թ.-ի հունվարի 22-ին ընդունեց «ՀՀ քրեական դատավարության մասին» և «Բանկային գատնիքի մասին» օրենքի լրացումները, որոնք նախատեսում են բանկային տեղեկատվության բացահայտում։ Մասնավորապես, եթե նախկինում բանկային գաղտնիքը կարելի էր բացահայտել միայն կասկածյալի կամ մեղադրյալի մասին, ապա հիմա թույլ են տալիս քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ստանալ ոչ միայն գործին անմիջապես առնչվող անձի, այլև նրա ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց բանկային տվյալները: Սակայն միաժամանակ նախատեսել երաշխիքների և սահմանափակումների կոնկրետ մեխանիզմներ։

Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: 

Նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Բանկային գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել է.

Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող:

Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև