Հայկական որոշ բանկեր մտադիր են միաձուլվել. ԳԹԱ

01.11.2010 14:45
Հայկական որոշ բանկեր մտադիր են միաձուլվել. ԳԹԱ

ԵՐԵՎԱՆ,1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական որոշ բանկեր միաձուլման մտադրություն ունեն, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության բաժնետեր-տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանը:

«Այսօր մենք բազմաթիվ հաճախորդներ ունենք բանկային համակարգում, և գիտենք, որ որոշ բանկեր միաձուլման մտադրություն ունեն: Սակայն այս գործընթացն արգելակում է բիզնես-ծրագրերի, նման միաձուլման հետևանքների վերաբերյալ կանխատեսումների բացակայությունը: Բանկերի միաձուլման համար հարկավոր է, որպեսզի միաձուլվել ցանկացող բանկերի բիզնես վարելու կուլտուրաները համապատասխանեն միմյանց, չպետք է տարբեր մոտեցումներ լինեն: Ընդհանուր առմամբ բավականին բարդ է այս ուղղությամբ որևէ կանխատեսում անել», - ասաց նա:

Ինչպես նշեց Գյուլբուդաղյանը, այսօրվա դրությամբ Հայաստանում միաձուլման գործընթաց է առկա շուկայում, բանկերում պարբերաբար փոխվում են բաժնետերերը: Որպես օրինակ՝ նա բերեց «Անելիք Բանկը», որի բաժնետոմսերի 51 տոկոսը վերջերս ձեռք բերեց լիբանանյան Credit Bank-ը:

«Հայաստանում նոր բանկեր էլ են հայտնվում, մասնավորապես՝ համեմատաբար վերջերս հայտնվեց Բիբլոս Բանկը: Իսկ դա նշանակում է, որ բանկերը շուկայի առկայություն են տեսնում: Այսօրվա դրությամբ գոյություն ունեցող բանկերի թիվն առավելագույնը չէ, նոր բանկերի բացման համար շուկայի ընդլայնման ներուժ կա», - ավելացրել է ԳԹԱ-ի տնօրենը:

Նրա կարծիքով՝ «Ամերիաբանկի» և «Կասկադ բանկի» միաձուլման օրինակը վկայում է այն մասին, որ բանկերը որոշակի պահի կարող են միաձուլվել:

«Կարծում եմ, որ գոյություն ունի շուկայի հետագա զարգացման երկու ուղղություն՝ նոր բանկերի բացում զրոյից և արդեն գոյություն ունեցող բանկերի զարգացում, որոնք գործնական շահի և բինզես վարելու ընդհանուր կուլտուրայի հնարավորությունների առկայության դեպքում կարող են միաձուլվել ավելի խոշոր բանկերի հետ», - հայտարարեց Գյուլբուդաղյանը:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ և 400 մասնաճյուղ: Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2010 թվականի հունվար-սեպտեմբերին ավելացել են 7,08 տոկոսով՝ սեպտեմբերի 30-ին կազմելով  1452,3 մլրդ դրամ: Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները սեպտեմբերի 30-ի դրությամբ մեծացել են 6,05 տոկոսով և կազմել 1134,6 մլրդ դրամ:

Միաժամանակ հայկական բանկերի կապիտալի համախառն ծավալն ընթացիկ տարում կազմել է 317,7 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 10,92 տոկոսով: Հայաստանի բանկային համակարգի շահույթը հունվար-սեպտեմբերին կազմել է շուրջ 24,1 մլրդ դրամ՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 3,5 անգամ:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև