Հայաստանում կենսաթոշակների վճարման պայմանագիր է ստորագրվել 13 բանկի հետ

01.02.2011 11:44
Հայաստանում կենսաթոշակների վճարման պայմանագիր է ստորագրվել 13 բանկի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի կենսաթոշակների ապահովման պետական ծառայությունը և 13 բանկեր կենսաթոշակների վճարման ծառայությունների տրամադրման պայմանագրեր են ստորագրել, տեղեկացնում է Նախարարության մամուլի ծառայությունը։

Պայմանագրեր ստորագրածների թվում են «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն, «Արարատբանկ» ԲԲԸ-ն, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն,  «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ն, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն,  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն,  «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ն, «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ն,  «Յունիբանկ» ՓԲԸ-ն, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն։

Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կենսաթոշակների վճարման վերաբերյալ պայմանագիր կնքած վճարահաշվարկային կազմակերպությունների ցանկն է՝ «Ադալև Ռիա» ՍՊԸ,  «Իդրամ» ՍՊԸ,  «Կվադրակոմ» ՍՊԸ,  «Հայփոստ» ՓԲԸ,  «Մեգա Պանտերա» ՍՊԸ։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2010 թվականի նոյեմբերի 4-ին ընդունել է «Կենսաթոշակների վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1531-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» թիվ 1406-Ն որոշումը, որը  նախատեսում է կենսաթոշակների վճարման երկու եղանակ` անկանխիկ և կանխիկ:

Կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակը նշանակում է, որ կենսաթոշակը վճարվելու է կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Սա հնարավորություն կտա կենսաթոշակառուին իր բանկային հաշվին փոխանցված կենսաթոշակի գումարը տնօրինել առանց որևէ ժամկետի սահմանափակման (ներկայումս կենսաթոշակը վճարվում է մինչև տվյալ ամսվա 20-ը)` բանկի հետ պայմանավորվելով գումարի կանխիկացման եղանակի (միջոցի) վերաբերյալ:

Ըստ այդմ, կառավարությունն առաջարկում է բանկերին նախարարության հետ կնքել պայմանագիր և հնարավորություն ստանալ կենսաթոշակառուներին մատուցել ծառայություններ` կնքված պայմանագրի համաձայն:

Կենսաթոշակառուն պետք է այցելի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկ և բացի բանկային հաշիվ:

Բանկային հաշվի բացումը և սպասարկումը (այդ թվում` քարտերի թողարկում և տրամադրում, բանկային (քարտային) հաշվից միջոցների կանխիկացում տվյալ բանկի սպասարկման կետերում և այլն), որպես պետության կողմից երաշխավորված հիմնական ծառայություններ, կենսաթոշակառուին մատուցվելու են անվճար (այդ ծառայությունների համար վճարելու է պետությունը):

Այնուհետև կենսաթոշակառուն պետք է այցելի իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին և ներկայացնի համապատասխան դիմում` նշելով բանկի անվանումը և իր բանկային հաշվի համարը:

Վերոնշյալ գործընթացի շրջանակներում սահմանվում է կենսաթոշակառուի պարտականությունը` տարեկան մեկ անգամ անձամբ ներկայանալ բանկ կամ բանկին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած` իր ողջ լինելու մասին փաստաթուղթը:

Կենսաթոշակների վճարման կանխիկ եղանակն ընտրած կենսաթոշակառուի կենսաթոշակը շարունակվելու է վճարվել գործող կարգով` կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ վճարող կազմակերպության գրասենյակում առձեռն կենսաթոշակառուին տրամադրելու միջոցով:

Կենսաթոշակառուն, սկսած 2011 թվականի հունվար ամսից, կարող է դիմել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` կենսաթոշակ վճարող բանկը (կազմակերպությունը) ընտրելու կամ փոխելու (իր ընտրությամբ` կենսաթոշակը կանխիկ կամ անկանխիկ եղանակով ստանալու) համար:

Բացի այդ, շարունակվում են աշխատանքները թոշակառուների հաշվառման տվյալների բազայում համապատասխան փոփոխություններ, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջև տեղեկատվության փոխանակման համակարգերի ներդրման վերաբերյալ։

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն, 2010 թվականի հուլիսի մեկի դրությամբ Հայաստանում բնակվում է ավելի քան 521,3 հազար թոշակառու, իսկ կենսաթոշակի միջին չափը կազմում է 24 հազ 570 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև