Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը ապրիլի 25-30-ն ընկած ժամանակահատվածում

04.05.2011 12:05
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը ապրիլի 25-30-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված արժեքը նախորդ շաբաթ նվազել է 1,0 տոկոսով՝ դառնալով  370,05 դրամ: Նախորդ շաբաթ առքուվաճառքի ծավալը կազմել է 15,9 մլն ԱՄՆ դոլար, ինչը 8,72 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի միջին փոխարժեքը ևս նվազել է 0,8 տոկոսով և շաբաթ օրը՝ ապրիլի 30-ին, կազմել է 372,75 դրամ:

1

Նախորդ շաբաթվա ընթացքում դրամը վստահորեն աճում էր ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ կարողանալով հասնել շաբաթվա ընթացքում իր առավելագույն կետին՝ 372,75 դրամին, ինչը հնարավոր է՝ պայմանավորված էր կարգավորիչի շուկա մտնելով: Կենտրոնական բանկի կողմից դրամին աջակցելու դրդապատճառներից մեկը երկրում գնաճի տեմպերի կապակցությամբ մտավախությունն է:  Համաշխարհային ապրանքա-հումքային շուկայում գրանցված բարձր գները, որոնք պայմանավորված են արաբական աշխարհում տիրող լարված իրավիճակով, կենտրոնական բանկերի մեղմ դրամային քաղաքականությամբ և ԱՄՆ թույլ դոլարով, ավելացնում են գնաճային սպասումները Հայաստանում:

Դրամի փոխարժեքին լրացուցիչ աջակցություն են ցուցաբերում արտասահմանից ֆիզիկական անձանց անունով իրականացված ոչ առևտրային բնույթի փոխանցումների կայուն աճող ծավալները: Հայաստանում մաքուր ոչ առևտրային բնույթի փոխանցումները մարտին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել են 27,64 տոկոսով՝ հասնելով 80,34 մլն դոլարի, հունվարի համեմատ աճը կազմել է 47,2 տոկոս:

Սակայն ներկրողների և Հայաստանի բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ բարձր պահանջարկը պահպանվում է: ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի վաճառքի ծավալը (54,58 մլն ԱՄՆ դոլար) 21,53 տոկոսով գերազանցել է գնումներին (44,91 մլն ԱՄՆ դոլար): Այս ամենի կապակցությամբ մենք կարծում ենք, որ Հայաստանում հաջորդ շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը  հավանաբար կգտնվի 368-375 դրամ սահմաններում:

Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի արժեքը սահմանվեց FOREX միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձություներով, որտեղ EUR/USD զույգն աճեց 1,7 տոկոսով՝ հասնելով 1,4804-ի:

Նախորդ շաբաթվա սկզբին EUR/USD զույգի առքուվաճառքն իրականացվում էր բավականին նեղ շրջանակներում: Սակայն ապրիլի 27-ին եվրոյին հաջողվեց ամրապնդել իր դիրքերը, որի պատճառը դարձավ ԱՄՆ-ի FOMC-ի՝ տոկոսադրույքին նվիրված հերթական նիստն ու ԴՊՀ-ի նախագահ պարոն Բեռնանկեի մամուլի ասուլիսը:

ԴՊՀ-ի հիմնական տոկոսադրույքը, ինչպես սպասվում է, մնաց անփոփոխ՝ 0-0,25 տոկոսի սահմաններում: ԴՊՀ-ի հայտարարության մեջ նշվում է, որ տնտեսությունը վերականգնվում է չափավոր տեմպերով: Գնաճի մակարդակի բարձրացման պատճառը էներգակիրների և հումքային այլ ապրանքների ավելի բարձր գներն են, և հատևաբար այն ժամանակավոր բնույթ կկրի, իսկ քանակական մեղմման ծրագիրը կավարտվի հունիսին, ինչպես նախատեսված էր ավելի վաղ:

Եվրոյին լրացուցիչ աջակցություն ցուցաբերեց ԱՄՆ-ից ստացված անբարենպաստ մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից այս տարի իրական ՀՆԱ-ի աճի տեմպերի 3,4-3,9 տոկոսից մինչև 3,1-3,3 տոկոսի նվազման կանխատեսումը: Այս իրադարձությունների ֆոնի ներքո նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն ավելացել է 0,7 տոկոսով՝ հասնելով 553,50 դրամի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի նաև ԵԿԲ-ի նիստը որոշումը տոկոսադրույքի վերաբերյալ, որը նախատեսված է մայիսի 5-ին: Նիստի ավարտից հետո տեղի կունենա եվրոպական կարգավորիչի նախագահ պարոն Տրիշեի ավանդական մամուլի ասուլիսը: ԱՄՆ-ից սպասվող նորություններից կարելի է նշել գործարար ակտիվության համաթվի հրապարակումն ու ապրիլին ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածության թվի փոփոխության տվյալները:

Սպառողական գնաճի արագացող տեմպերի ֆոնի ներքո տոկոսադրույքների ապագա բարձրացման հնարավորության կապակցությամբ Ժան-Կլոդ Տրիշեի դրական մեկնաբանությունների դեպքում եվրոն կարող է աճի լրացուցիչ ազդակ ստանալ: Եվրոյի համար դիմադրության սահման կլինի 1,5000-ը:

Սակայն եթե ԱՄՆ-ից ստացվեն դրական մակրոտնտեսական տվյալներ, ապա ԱՄՆ դոլարի գինը հիմնական մրցակիցների նկատմամբ կարող է ավելանալ: Եվրոյի համար աջակցություն կլինի ընթացիկ շաբաթ 1,4200-ի շեմին հասնելը: Հայաստանում այդ դեպքում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 540 – 560 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու միջին փոխարժեքն աճեց 1,2%՝ հասնելով 13,57 դրամի: Այս ամենը պայմանավորված էր նավթի աճող գների պատճառով ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով: Այսպես, նախորդ շաբաթ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքն ավելացավ 1,57%՝ հասնելով 126,05 ԱՄՆ դոլարի: Ռուսական ռուբլուն լրացուցիչ աջակցություն ցուցաբերեց 0,25 տոկոսային կետով (մինչև 8,25 տոկոս) վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու մասին Ռուսաստանի բանկի տնօրենների խորհրդի մայիսի 3-ի որոշումը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուսական ռուբլու դինամիկան կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններից և նավթի գներից:

Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրվա ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,47-13,7 դրամի սահմաններում:–0–

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև