Առէկսիմբանկը միանվագ կրթաթոշակ տրամադրելու ավելի քան 500 հայտ է ստացել

04.05.2011 13:21
Առէկսիմբանկը միանվագ կրթաթոշակ տրամադրելու ավելի քան 500 հայտ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ավարտել է «Երկրի մասշտաբով, յուրաքանչյուր ուսանողի օգտին» խորագրով երկրորդ ուսանողական ակցիայի անցկացումը՝ ուղղված անվանական միանվագ կրաթոշակների տրամադրմանը:  Այս մասին չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես հաղորդվում է տեղեկատվության մեջ, հայտադիմումներն ընդունվել են մարտի 9-ից ապրիլի 30-ը: Ակցիայի ընթացքում բանկը ստացել է ավելի քան 500 էլեկտրոնային հայտադիմում երկրի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողներից և  ամբիոնների հայցորդներից:

«Ակցիայի նպատակն է օժանդակել երիտասարդ մասնագետների  կայացմանը բարձր առաջադիմությամբ աչքի ընկած և հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերած ուսանողների կիսամյակային ուսման վարձի մասնակի կամ լրիվ վճարման միջոցով, ինչպես նաև դիտարկել հետագայում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում նրանց աշխատանքի տեղավորման հնարավորությունը»,- բանկի մամուլի ծառայությունից մեջբերեցին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» հաճախորդների բազայի զարգացման և մարկետինգի ծառայության գլխավոր մասնագետ Ալեքսանդր Հակոբյանի խոսքերը:

Հայտադիմումները դիտարկվելու են բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ հանձնախմբի կողմից հետևյալ հիմնական չափանիշերի հիման վրա. ակադեմիական առաջադիմություն, հասարակական ակտիվություն, սոցիալական կարգավիճակ, ինչպես նաև միավորների հաշվեգրման սկորինգային համակարգի արդյունքներ:

Հաղորդագրության համաձայն՝ վերջնական արդյունքների ամփոփման համար հարցազրույցներ են  կազմակերպվելու 30 լավագույն թեկնածուների հետ: Հայտատուների հետ հարցազրույցներին մասնակցելու են ինչպես փորձագետների հանձնախմբի անդամները, այնպես էլ բանկի 2010 թվականի շահառուները:

25 շահառուների և հաղթողի անունները կհրապարակվեն բանկի կայքում հունիսի 2-ին:

Կրթաթոշակների չափը կազմելու է 40 հազ. դրամից  մինչև 300 հազ. դրամ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ռազմավարությամբ նախատեսվում է իրականացնել սոցիալական բնույթի տարատեսակ ակցիաներ և ծրագրեր, որոնց ընդհանուր կարգախոսն է` «Երկրի մասշտաբով, յուրաքանչյուրի օգտին», որը բնակչության յուրաքանչյուր խմբի համար հնչում է յուրովի:

2010 թվականին Բանկը համանման ակցիա է անցկացրել, որում մասնակցել են Հայաստանի տարբեր տարածաշրջանների ավելի քան 500 ուսանող: Գլխավոր մրցանակը`  400 հազ. ՀՀ դրամ ($1,1 հազ.) ստացել է ԵՊՀ-ի ուսանողուհի Անուշ Մարտիրոսյանը:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է ռուսական «Գազպրոմբանկը» (ԲԲԸ):

2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 80,7 մլրդ դրամ, պարտավորությունները՝ մոտ 65,7 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,1 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ շուրջ 55,4 մլրդ դրամ, պարտավորությունները հաճախորդների նկատմամբ՝ 33,9 մլրդ դրամ: Առաջին եռամսյակի արդյունքներով մաքուր շահույթը կազմել է մոտ  194,9 միլիոն դրամ:

Բանկն ունի 15 մասնաճյուղ, որոնցից 6-ը՝ Երևանում, 9-ը՝ Հայաստանի տարբեր մարզերում: ($1-  371,82 դրամ է): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25