Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հոկտեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում

26.10.2011 18:32
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հոկտեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. /. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,73 տոկոսով՝ հասնելով 378,0 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 16,82 մլն ԱՄՆ դոլար, ինչը երկուսուկես անգամ ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը ևս աճել է 0,63 տոկոսով և շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, կազմել 379,35 դրամ:

ԱՄՆ դոլարը շարունակում է մնալ Հայաստանի արժութային շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնոմ` որպես ապաստան-արժույթ: Միաժամանակ նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դոլարին հաջողվեց թարմացնել դրամի նկատմամբ իր տարեկան առավելագույն ցուցանիշը` հասնելով 378,75 դրամի: Մեր կարծիքով` այս ամենը պայմանավորված է եվրագոտու պարտքային խնդիրների լուծման հարցում պահպանվող անորոշությամբ և Հայաստանի տնտեսության վրա հետևանքների ազդեցության, եվրագոտու ավելի խոշոր տնտեսություններ վրա պարտքային ճգնաժամի տարածման կապակցությամբ մտավախություններով:

1

Այս շաբաթ Հայաստանում ԱՄՆ դոլարի արժեքն ունի աճը շարունակելու բոլոր հնարավորությունները համաշխարհային ֆինանսական շուկաներում պահպանվող անկայունության ֆոնի ներքո: ԱՄՆ դոլարին լրացուցիչ աջակցություն կցուցաբերի բնակչության և բիզնեսի կողմից դոլարի նկատմամբ աճած պահանջարկը, որոնք դրամի արժեզրկման մտավախություն ունեն: Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 18,254 մլն ԱՄՆ դոլար, ինչը երեք անգամ ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

2

ԱՄՆ դոլարի արժեքի աճին կարող են խոչընդոտել ԵՄ գագաթնաժողովի դրական արդյունքները, որոնք կաջակցեն բարձր եկամտաբերություն ունեցող արժույթների աճին: Երկրում դոլարի արժեքի աճը կարող են զսպել ԿԲ-ի գործողությունները:

Հայաստանում ԱՄՆ դոլարի կանխիկ վաճառքի փոխարժեքն առաջիկա շաբաթ հավանաբար կգտնվի 375 – 380 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժույթի շուկայում տեղի ունեցած իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը աճեց 0,1 տոկոսով՝ դառնալով  1,3893:

Նախորդ շաբաթ համաշխարհային արժութային շուկայում իրադարձությունները հիմնականում տեղի էին ունենոմ եվրագոտու ծայրամասային երկրների պարտքային ճգնաժամի շուրջ: Այս հանգստյան օրերին տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին եվրագոտու պաշտոնյաների հայտարարությունների ֆոնի ներքո շուկայի մասնակիցների տրամադրվածության մշտական փոփոխությունը դարձավ առքուվաճառքի ուղղության փոփոխության պատճառ:

Այսպես, շաբաթվա սկզբում եվրոն գտնվում էր ճնշման տակ այն բանից հետո, երբ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հիասթափեցրեց շուկայի մասնակիցներին` հայտարարելով, որ հոկտեմբերի 23-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ եվրագոտու պարտքային ճգնաժամի լուծման վերջնական ծրագիր չի ներկայացվի: Ներդրողները սկսեցին փակել բարձր ռիսկ ունեցող ակտիվների՝ բաժնետոմսերի և հումքային ապրանքի դիրքերը՝ նախընտրելով ապաստան-ակտիվ՝ ԱՄՆ դոլար:

Եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես ZEW-ի գերմանական համաթիվն ու IFO-ի գործարար միջավայրի ինդիկատորը ևս լավատեսություն չավելացրեցին: Բացի այդ, Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրեց Իսպանիայի վարկային վարկանիշը` բացասական կանխատեսմամբ:

Սակայն ուրբաթ` հոկտեմբերի 21-ին, ներդրողներին հաջողվեց պահպանել լավատեսությունը` ԵՄ գագաթնաժողովի դրական արդյունքներ ակնկալելով: Ստացվող տեղեկատվությունները, որոնք հերքում են հակաճգնաժամային միջոցների հարցում Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների միջև տարաձայնությունները, աջակցեցին եվրոյի աճին: Արդյունքում, արձագանքելով համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններին` Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ ավելացավ 0,54 տոկոսով՝ հասնելով  525,19 դրամի:

3

Այս շաբաթ եվրոյի դինամիկայի վրա կազդի ԵՄ գագաթնաժողովը, որի առաջին մասը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին: Եվրոյի գնանշման վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ սպառողական վստահության ամերիկյան հոկտեմբերյան տվյալները, բնակարանների շուկայի սեպտեմբերյան տվյալներն ու երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի նախնական տվյալները: Եվրոպական նորություններից հարկավոր է նշել սպառողական վստահության ինդիկատորը, հոկտեմբերին եվրագոտու PMI-ի նախնական համաթիվը, ինչպես նաև Գերմանիայում հոկտեմբերին սպառողական գների համաթիվը: Բացի այդ, շուկայի մասնակիցների ուշադրությունը կկենտրոնանա չորեքշաբթի` հոկտեմբերի 26-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի երկրորդ մասի արդյունքների վրա: ԵՄ առաջին գագաթնաժողովի դրական արդյունքներն ու ակնկալվող չափավոր լավատեսական մակրոտնտեսական տվյալները, հավանաբար, կաջակցեն եվրոյին:

Այս շաբաթ եվրոյի գնանշման տատանման ենթադրվող դիապազոնը 1,3650-1,4100 է: Այս դեպքում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 515- 535 դրամի սահմաններում:

Հայաստանում ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ ավելացել է 1,8 տոկոսով՝ հասնելով 12,55 դրամի:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից: Ակնկալվում է, որ այս վիճակագրությունը կլինի չափավոր դրական, ինչը կարող է հանգեցնել դրամի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճի: Ռուսական ռուբլուն դրական աջակցություն կցուցաբերի նաև Հայաստանում դոլարի արժեքի չափավոր աճի հավանական շարունակությունը: Իսկ եթե ԱՄՆ-ից և Գերմանիայից ստացվող տնտեսական վիճակագրությունը կանխատեսվածից բարենպաստ չլինի, ապա ռուբլու նկատմամբ ճնշումը կվերսկսվի:

Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 12,25 – 12,75 դրամի սահմաններում:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև