Ճգնաժամը կարող է խորացնել ծայրահեղ աղքատությունը. Էկոնոմիկայի նախարարություն

26.01.2010 15:06
Ճգնաժամը կարող է խորացնել ծայրահեղ աղքատությունը. Էկոնոմիկայի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը կարող է խորացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում, ասվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության «Հայաստանի տնտեսական զեկույց-2009։ ճգնաժամից դեպի նոր զարգացումներ» առաջին տարեկան զեկույցում։

«Տնտեսական ճգնաժամը երկրում աղքատության աճի մեծ ռիսկ է պարունակում։ Աղքատության պատկերը կարող է հետընթաց ապրել ընդհուպ մինչև 2004 թվականի մակարդակ՝ Կառավարության հակաճգնաժամային միջացառումների կամ դրանց ոչ արդյունավետության դեպքում։ Ճգնաժամն իր առավել ազդեցությունը կարող է ունենալ հատկապես ծայրահեղ աղքատության վրա, որը թեև ներկայում Հայաստանում բավական փոքր է, սակայն կարող է մի քանի անգամ աճել»,- ասվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հաշվետվությունում։

Հաշվետվության մեջ նշվում է, որ տնային տնտեսությունների եկամուտների համալրման և աղքատության կասեցման տեսանկյունից ամենամեծ դերը բաժին է ընկնում աշխատավարձերին և ինքնազբաղվածությունից ստացված եկամուտներին, իսկ դրանց կրճատումն անհամեմատ ավելի մեծ աղքատության ռիսկ է պարունակում, քան արտերկրից ստացվող դրամական փոխանցումները կամ պետական սոցիալական դրամական փոխանցումները։

«Տնտեսության առանձին ճյուղերի վարքագիծն աղքատության ընդհանուր պատկերի վրա մեծ ազդեցություն չի կարող ունենալ։ Դրա վկայությունն է տնտեսության ամենամեծ ճյուղի՝ շինարարության ազդեցության վերլուծությունը։ Երկրում աղքատության ընդհանուր մակարդակի տեսանկյունից առանձնապես մեծ նշանակություն չունի այն հանգամանքը, թե, արդյո՞ք, տեղի կունենա եկամուտներ ստացող տնային տնտեսությունների քանակի կրճատում կամ ստացվող եկամուտների մեծության նվազում։ Այնուհանդերձ, ստացվող աշխատավարձերի և դրամական փոխանցումների մակարդակի նվազումը փոքր-ինչ մեղմ ազդեցություն կունենա աղքատության վրա, քան եթե տեղի ունենա աշխատատեղերի կամ տրանսֆերտներ ստացողների քանակի կրճատում»,- նշվում է հաշվետվությունում։

Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է ընդհանուր տնտեսական ակտիվության խթանումը և ծայրահեղ աղքատության աճի զսպումը, ինչի համար հատկապես կարևորվում է սոցիալական տրանսֆերտների, մասնավորապես, ընտանեկան նպաստների, հասցեականության բարձրացումը։

«Հայաստանի տնտեսական զեկույց-2009։ ճգնաժամից դեպի նոր զարգացումներ» հաշվետվությունում ասվում է, որ վերջին տարիների տնտեսական զարգացումները բարենպաստ միջավայր են ձևավորել երկրում աղքատության կրճատման համար։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2007 թվականի տվյալների համաձայն, Հայաստանում աղքատությունը կազմել է 25 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 3,8 տոկոս։ Ընդ որում, 2007 թվականին 2004 թվականի համեմատ առավել մեծ չափով՝ շուրջ 41 տոկոսով կրճատվել է հատկապես ծայրահեղ աղքատության մակարդակը։

Միաժամանակ, զգալիորեն բարելավվել են աղքատության խորության և սրության ցուցանիշները։

2008 թվականի տվյալներով, ծայրահեղ աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 3,1 տոկոս, իսկ աղքատության մակարդակը՝ 23,5 տոկոս։

«2004-2007 թվականներին արձանագրված տնտեսական աճի յուրաքանչյուր տոկոսային կետն աղքատության ընդհանուր մակարդակը նվազեցրել է 0,6 տոկոսային կետով։ Աղքատության և անհավասարության կրճատումը կամ աղքատների եկամուտների աճը հիմնականում պայմանավորվել է տնտեսական աճի ուղղակի ձևավորմամբ, այսինքն՝ աղքատների կողմից ստեղծվող եկամուտների աճով (աշխատավարձ, ինքնազբաղվածությունից և գյուղատնտեսությունից ստացվող եկամուտներ), ինչպես նաև հանրային և մասնավոր տրանսֆերտներով (ընտանեկան և այլ պետական սոցիալական նպաստներ, հանրապետության ներսում և արտերկրից ընկերներից, բարեկամներից կամ արտագնա աշխատանքից ստացված եկամուտների միջոցով)»,- ասվում է զեկույցում։

Էկոնոմիկայի նախարարության հաշվետվության համաձայն, դրամական փոխանցումները և սոցիալական տրանսֆերտները կարևոր նշանակություն ունեն ծայրահեղ աղքատ բնակչության թվի կրճատման համար, իսկ դրանց լրիվ բացակայությունը կարող է հանգեցնել ծայրահեղ աղքատության աճին 2-3 անգամ։

Աղքատության մակարդակի վրա ճգնաժամի ազդեցության գնահատման համար նախարարության կողմից մի քանի սցենար է ընտրվել. իրավիճակ, երբ արտաքին դրամական տրանսֆերտները կրճատվում են 50 տոկոսով, 40 տոկոսով կրճատման դեպքում, ընդհանուր աշխատավարձի և ինքնազբաղվածությունից ստացվող եկամուտների՝ 10 տոկոս կրճատման դեպքում, ընտանեկան և մյուս սոցիալական տրանսֆերտների անփոփոխ մնալու դեպքում ստեղծված իրավիճակ։

Այս սցենարների դեպքում հնարավոր է ինչպես եկամուտներ ստացողների թվաքանակի և զբաղվածության կրճատում, այնպես էլ աշխատավարձերի և/կամ եկամուտների մակարդակի կրճատում։ Առաջին դեպքում, ինչպես ասվում է հաշվետվությունում, ծայրահեղ աղքատների թիվը 3,8 տոկոսից կարող է աճել մինչև 11 տոկոս, իսկ աղքատների թիվը՝ 25 տոկոսից մինչև 32,1 տոկոս, իսկ երկրորդ սցենարի դեպքում ծայրահեղ աղքատների թիվը կարող է աճել 2007 թվականին արձանագրված 3,8 տոկոսից մինչև 11,4 տոկոս, աղքատների թիվը՝ 25 տոկոսից մինչև 31 տոկոս։

Միաժամանակ Էկոնոմիկայի նախարարության վերլուծությունը ցույց է տվել, որ շինարարության ոլորտի 40-տոկոսանոց անկումը կարող է հանգեցնել աղքատության մակարդակի 25 տոկոսից 25,3 կամ 25,5 տոկոս չնչին աճի։

«Ճգնաժամը բազմազան ուղիներով կարող է ազդել նյութական և մարդկային աղքատության վրա, որի գնահատումը բավական բարդ խնդիր է։ Տվյալների և մեթոդաբանության սահմանափակումներն էական բարդություններ են առաջացնում վերլուծություններ կատարելու համար»,- ասվում է փաստաթղթում։

Սակայն զեկույցում նշվում է, որ 2008 թվականի տվյալների բացակայության պատճառով կիրառվել են 2007 թվականի տվյալներն, ինչի արդյունքում բերվող գնահատականները չեն արտացոլում 2008 թվականի զարգացումները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև