PostBank-ի առաջին բաժանմունքները Հայաստանում կսկսեն գործել 2010 թ. գարնանը. նախարար

04.02.2010 16:43
PostBank-ի առաջին բաժանմունքները Հայաստանում կսկսեն գործել 2010 թ. գարնանը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. PostBank-ի առաջին բաժանմունքների բացումը Հայաստանում ծրագրվում է ընթացիկ տարվա գարնանը, ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

«PostBank-ի ստեղծումը ընթացքում է»,- հինգշաբթի նա ասաց լրագրողներին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Haypost Trust Management» հոլանդական ընկերության կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը (Juan Pablo Gechidjian), PostBank-ը Հայաստանում հաճախորդների սպասարկումը կսկսի 2010 թ. առաջին կիսամյակի ավարտին:

PostBank-ի բաժանմունքները կգործեն «Հայփոստի փոստային բաժանմունքների հիման վրա, որոնք գտնվում են երկրի բոլոր մարզերում, ինչը դրա ծառայություններն ավելի մատչելի կդարձնի բնակչության համար:

Հայաստանում մասնագիտացված PostBank-ի ստեղծումը իրականացվում է ՀՀ փոստային հատվածի նորացման շրջանակներում, ինչի համար ծրագրվում է մինչև 2012 թ. 12 մլն դոլար ներդնել:

ՀՀ ԿԲ 2008 թ.-ի սեպտեմբերի 19-ին նախնական հավանություն է տվել «Արմենիան փոստբանկ» ՓԲԸ-ին (Armenian PostBank) բանկային արտոնագիր տրամադրելուն:
Նոր բանկի սեփանականատերն արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը, որին է պատկանում PostBank-ի կանոնադրական կապիտալի 100 տոկոսը՝ 5 մլրդ դրամ ծավալով: Էռնեկյանը նաև՝ ի դեմս American International Airports ընկերության, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչն է, նրան է պատկանում նաև հայկական «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն։

«Հայփոստ» ընկերությունը հոլանդական «Haypost Trust Management»-ին վստահված կառավարման հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ 2006թ. նոյեմբերի 30-ին։ Պայմանագրի համաձայն, «Հայփոստ» ընկերությունը վստահված կառավարման է տրվում 5 տարի ժամկետով՝ պայմանագիրը նույն ժամկետով երկարացնելու իրավունքով։ --0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև