ՀՀ և ՌԴ փոստային օպերատորները «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների իրականացման հուշագիր են ստորագրել

26.09.2012 17:23
ՀՀ և ՌԴ փոստային օպերատորները «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների իրականացման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստը» ընկերությունը «Ֆորսաժ» համակարգով փոխանցումների բացառիկ իրավունք է ստացել ՀՀ տարածքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Համապատասխան հուշագիրը նախօրեին ստորագրվել է Մոսկվայում` Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև։

«Սա նշանակում է, որ Ռուսաստանի փոստի 40 000 բաժանմունքներից յուրաքանչյուրից դրամական արագ փոխանցում կարելի է կատարել դեպի Հայփոստի 900 բաժանմունքներից յուրաքանչյուրը և հակառակ ուղղությամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշում են, որ այդ քայլը հնարավորություն կընձեռի Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորներին երկու երկրների միջև զարգացնել արագ դրամական փոխանցումները, դրանց հասանելիությունը մարզերում և մատուցվող ծառայությունների որակը:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ վերջերս «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի փոստի ղեկավարության հետ, որտեղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության առաջիկա խորացման, գործակցության որակական նոր փուլի անցման շուրջ:

Նախատեսվում է ակտիվացնել արդեն գործող մեխանիզմները երկու երկրների փոստային օպերատորների միջև։

Նշվում է նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի փոստային օպերատորներն առաջիկայում քայլեր կձեռնարկեն հեռահար առևտրի զարգացման ուղղությամբ: Դրա համար նախատեսվում է Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորների կատալոգներում ապրանքների փոխադարձ ներկայացումը և վաճառքը: Ծրագրվում է ավելացնել EMS փոխանցումների ծավալը` ի հաշիվ կորպորատիվ հաճախորդների համար հատուկ ծրագրերի:

2006 թվականի նոյեմբերի 30–ին ստորագրվել է հայկական «Հայփոստ» ընկերությունը հոլանդական Haypost Trust Management B.V. ընկերության հավատարմագրային կառավարման վերաբերյալ պայմանագիր հինգ տարի ժամկետով, իսկ դեկտեմբերի 5–ին երկարացվել վեց ամսով։

«Հայփոստ» ՓԲԸ–ն Հայաստանի ազգային փոստային օպերատորն է և գործում է Հայաստանի տարածքում գտնվող 900 փոստային բաժանմունքների միջոցով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև