ՎԶԵԲ-ը Հայաստանի լավագույն գործընկերներից է. ԿԲ նախագահ

19.03.2010 13:30
ՎԶԵԲ-ը Հայաստանի լավագույն գործընկերներից է. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը Հայաստանի լավագույն գործընկերներից է և անգնահատելի ներդրում ունի երկրի ֆինանսական հատվածի զարգացման գործում, հինգշաբթի ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրոուի հետ հանդիպման ժամանակ:

ՎԶԵԲ նախագահ Թոմաս Միրոուն իր հերթին շնորհակալություն է հայտնել բանկի երևանյան ներկայացուցչությանն աջակցելու համար՝ նշելով, որ երկրում ֆինանսական կայունության պահպանման գործում Կենտրոնական բանկը կատարել է որոշիչ դեր:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, Մորոուն հավաստիացրել է, որ բանկը շարունակաբար աջակցելու է տարբեր վարկային ծրագրերին, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա ընթացքում Հայաստանի ֆինանսական հատվածի շուրջ 50 մլն դոլարի չափով վարկավորման ծրագրեր և ֆինանսական շուկայի հետագա զարգացման նոր հնարավորությունները:

Ներկայացնելով Հայաստանի ֆինանսական համակարգը՝ Ջավադյանը շեշտել է, որ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին օրից առ այսօր ՀՀ կառավարությունը կամ Կենտրոնական բանկը որևէ առևտրային բանկի որևէ ֆինանսական աջակցություն չեն ցուցաբերել:

Նրա խոսքերով՝ իրականացվել են վարկային ծրագրեր, և խիստ վերահսկողության շնորհիվ համակարգին հաջողվել է խուսափել ցնցումներից, բանկերը ներկայումս գերիրացվելի են և գերկապիտալացված:

Ջավադյանն ասել է, որ համակարգի կայունությանը նպաստել են նաև մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես, կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումը, ներքին աուդիտի դերի ուժեղացումը, ավանդների երաշխավորման հիմնադրամի ստեղծումը, վարկային ռեգիստրի և վարկային բյուրոյի ստեղծումը, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի ձևավորումը:

ՀՀ ԿԲ նախագահը նաև նշել է, որ դեռևս շատ անելիքներ կան ֆինանսական շուկաների զարգացման ոլորտում: Նախագահը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ի օգնությամբ կհաջողվեն իրականացնել ծրագրեր, որոնք առավել կնպաստեն ֆինանսական համակարգի կայունությանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև