05.05.2010 15:35

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել նոր արծաթե հուշադրամ՝ նվիրված հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆին: Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից: Հուշադրամը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրի շրջանակներում:
«Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է «Kings of football» մակագրությամբ եզագծված թագ, որը պահպանում են երկու առյուծները: Ներքևի մասում պատկերված է ֆուտբոլի գնդակը: Ներքևի կիսաշրջանում նշված է հուշադրամի անվանական արժեքը՝ 100 դրամ, որից ներքև Հայաստանի Հանրապետության զինանշանն է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հուշադրամի դարձերեսին հոլանդական դրոշի գունային ֆոնի վրա Յոհան Կրոյֆի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակն է: Դիմապատկերի ներքևում Յոհան Կրոյֆի ստորագրությունն է, իսկ վերևում՝ «Yohan Cruyff» մակագրությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր, իսկ ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: