Հացահատիկի համաշխարհային սպառումն ու իրավիճակը Հայաստանում

16.09.2010 12:05
Հացահատիկի համաշխարհային սպառումն ու իրավիճակը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հացահատիկային կուլտուրաների համաշխարհային սպառումը մշտապես աճում է: Տասը տարվա ընթացքում հացահատիկի սպառումը միջինում աճում է տարեկան 40 միլիոն տոննայով երկրագնդի բնակչության աճի և համապատասխանաբար սպառման ավելացման, ինչպես նաև կենսավառելիք ստանալու նպատակով հացահատիկը որպես կեր և հումք օգտագործելու հաշվին:

Վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհում հացաբույսերի արտադրության և սպառման միջև տարբերության կրճատման միտում է նկատվում: Դա պարզորոշ դրսևորվեց 2008 թ.-ին հացաբույսերի արտադրության կտրուկ ավելացման և համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով սպառման նվազման պատճառով: ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն,  2008 թ.-ին ցորենի համաշխարհային արտադրությունը կազմել է 683,1 միլիոն տոննա: 2009 թ.-ին արտադրությունը կրճատվել է 0,45 տոկոսով և կազմել 680,0 միլիոն տոննա: Չնայած այս ամենին, հացահատիկի համաշխարհային արտադրությունը նախորդ տարի 28 միլիոն տոննայով գերազանցել է համաշխարհային սպառմանը:

Ցորենի շուկայում համաշխարհային գների սահմանման համար կարևոր գործոն է համարվում արտադրության և սպառման միջև գոյություն ունեցող հավասարակշռությունը: 2010 թ.-ին ցորենի արտադրության կանխատեսվող չափը 672 միլիոն տոննա է, ինչը 1,18 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ: Ընթացիկ տարվա սպառումը, ինչպես կանխատեսվում է, կավելանա 2,45 տոկոսով և կկազմի 668,0 միլիոն տոննա, սակայն նախորդ տարիների մեծ պաշարները կփոխհատուցեն արտադրության նվազած կանխատեսումը և կթուլացնեն հացահատիկի գների վրա իրականացվող ճնշումը:

Այս պահին հացահատիկի շուկայում ստեղծված իրավիճակը կարելի է հավասարակշիռ համարել, քանի որ վերջին շաբաթվա ընթացքում գները մնացել են մեկ բուշելի դիմաց 7,50 դոլարի սահմաններում և գտնվել են ցածր դիապազոնում: Երկուշաբթի նշված մակարդակը գերազանցելու փորձը չի հաջողվել, և գները կրկին նվազել են: Վերլուծելով Ապրանքային ֆյուչերսների վաճառքի հանձնաժողովի նախորդ շաբաթվա հաշվետվությունները՝ կարելի է նշել, որ համաշխարհային գլխավոր ապրանքային բորսաներում (Չիկագոյի ապրանքային բորսա, Կանզաս-Սիթիի ապրանքային բորսա, Մինեապոլիսում գտնվող հացահատիկի բորսա) խոշոր օպերատորների և հացաբույսերի արտադրողների բաց և կարճ դիրքերի թիվն աճել է: Այդ հաշվետվության տվյալների համաձայն, վերը նշված բորսաների կարճ դիրքերի մասնաբաժինն ավելացել է համապատասխանաբար 2,1, 1,46 և 0,31 տոկոսով և կազմել 48,4, 69,4, 64,6 տոկոս:

Այս գործոնները հիմք են տալիս կանխատեսելու, որ կարճաժամկետ հեռանկարում հացաբույսերի համաշխարհային գները կդադարեն աճել, իսկ միջին ժամկետային հեռանկարում՝ բուշելի դիմաց 68,7 դոլարի հասնելու նվազման միտում կունենան:

Հացահատիկային կուլտուրաների ատրադրությունն ու սպառումը Հայաստանում

Հայաստանում տարեկան սպառվում է շուրջ 550-620 հազար տոննա հացահատիկ, որից արտադրական նպատակների համար օգտագործվում է 435-450 հազար տոննան կամ 72,6-79 տոկոսը: Հայաստանում հացահատիկի սեփական արտադրությունը կազմում է տարեկան շուրջ 200 հազար տոննա: Ներքին արտադրության դեֆիցիտը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալը տարեկան կազմում է շուրջ 300-370 հազար տոննա: Հացահատիկը Հայաստան հիմնականում ներկրվում է Ռուսաստանից, սակայն այս սեզոնում Ռուսաստանից հացահատիկի արտահանման արգելքի հետ կապված Հայաստանը ստիպված է փնտրել հացահատիկի նոր մատակարարներ: Բացառված չէ, որ հացահատիկ կարող է մատակարարել Ուկրաինան կամ Ղազախստանը:-0-

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև