Ռուսական վարկն օգնեց չեզոքացնել ճգնաժամի բացասական հետևանքները

20.10.2010 12:33
Ռուսական վարկն օգնեց չեզոքացնել ճգնաժամի բացասական հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական վարկն օգնեց չեզոքացնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի` Հայաստանի վրա ունեցած բացասական հետևանքները, Երևանում ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՌԴ և ՀՀ ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը 2009թ. մայիսի 20-ին Երևանին 15 տարի ժամկետով 500 մլն. դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնգիր են ստորագրել LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու նպատակով,

«Վարկը բաղկացած է երեք մասից՝ առաջին մասը այն միջոցներն են, որոնք ուղղվում են աղետի գոտու վերականգնմանը: Այսինքն, դա յոթ հազար ընտանիքի համար սոցիալական խնդիրների լուծում է, ովքեր երկրաշարժի հետևանքով անօթևան են մնացել, և մենք մեր քաղաքացիների նկատմամբ սոցիալական պարտավորություն ունեինք՝ չորս տարվա ընթացքում վերջնականապես լուծել այդ խնդիրը: Ռուսական վարկի շնորհիվ մենք կլուծենք այդ խնդիրը», - ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքերով՝ վարկի երկրորդ մասը միջոցներ են, որոնք տրամադրվում են ձեռնարկություններին՝ կառավարության որոշման և Կենտրոնական բանկի հետ կնքված համաձայնագրի համապատասխան: «Այդ միջոցները առևտրային բանկերի միջոցով տրամադրվում են արտահանմամբ զբաղվող ձեռնարկությունների վարկավորմանը, այդ միջոցները խթանում են Հայաստանում զբոսաշրջության զարգացումը, օգտագործվում են փոքր և միջին բիզնեսի ոլորտում», - ասել է ՀՀ վարչապետը՝ նշելով, որ սկզբունքային ուղղություններն են ՏՏ-հատվածն ու նորարարական նախագծերը:

Նրա խոսքերով՝ վարկի երկրորդ մասն ամբողջովին ընկնում է մասնավոր հատվածի վրա, որը և վերադարձնելու է այդ վարկերը:

«Երրորդ մասն այն միջոցներն են, որոնք մենք դեռ չենք իրացրել: Դրանք պահվում են մեր կայունացնող հիմնադրամում, որը մենք ստեղծել ենք Կենտրոնական բանկի հետ, և այդ միջոցները կայունացնող հիմնադրամից կարող են օգտագործվել որևէ պետական ծրագրի և նախագծի իրագործման համար», - նշել է վարչապետը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ վարկային միջոցների մեծ մասն արդեն իրացվել է: «2011 թ.-ին նախատեսվում է այդ միջոցներից 17 միլիարդ դրամն ուղղել աղետի գոտու շինարարական աշխատանքների ավարտին, շուրջ 85 միլիարդ դրամն առևտրային բանկերի միջոցով իրացվել են: Այնպես որ, ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ այդ վարկի շնորհիվ կարողացել ենք լուրջ միջոցներ ներդնել շինարարական հատվածի մեջ և նման կերպ մեղմել տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները», - ասել է ՀՀ վարչապետը:

Սարգսյանի խոսքերով՝ Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկությունների տրամադրված վարկային ռեսուրսները ևս խթանել են համախառն ազգային ապրանքի աճն ու մակրոտնտեսական կայունություն են ապահովել:

«Ռուսական վարկի շնորհիվ՝ մենք կարողացանք համալրել պետական գանձատունն ու հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները», - նշել է ՀՀ վարչապետը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև